Մատչելիության հղումներ

Օլանդը սպասում է ֆրանսահայ հերոս Մարկ Մուգալյանի ապաքինմանը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ

Ֆրանսահայ դասախոսն անցյալ շաբաթ Ամստերդամ - Փարիզ արագընթաց գնացքում ահաբեկչական գործողությունները կասեցրած առաջին ուղևորն է։

Սորբոնի համալսարանի 51-ամյա ֆրանսահայ դասախոս Մարկ Մուգալյանի անունը Ֆրանսիայի հերոսների ցանկում է։

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում բնակվող Մուգալյանին հրավիրել է ընթրիքի, երբ նա լավանա», - բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ՝ ասել է Մուգալյանի քույրը՝ Ջուլիան:

Ֆրանսահայ դասախոսն անցյալ շաբաթ Ամստերդամ - Փարիզ արագընթաց գնացքում ահաբեկչական գործողությունները կասեցրած առաջին ուղևորն է եղել։ Նա կարողացել է զինաթափել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով հարձակված, Մարոկոյի բնակիչ 25-ամյա Այուբ Էլ Քազանիին, որը մինչ այդ հասցրել էր կրակ բացել և վիրավորել մեկ ուղևորի:

Մուգալյանի քույրը The Telegraph-ին պատմել է, որ իր եղբայրը դեռ հիվանդանոցում է, զինյալից ինքնաձիգը վերցնելու պահին կրակոց է ստացել պարանոցին: Նրա փոխանցմամբ՝ եղբայրը որոշ խնդիրներ ունի նաև ձախ ձեռքի հետ:

Քրոջ խոսքով, հիմա նրա վիճակը բարելավվել է, բայց երեկ չի կարողացել մասնակցել Ֆրանսիայի բարձրագույն պարգևի՝ Պատվո լեգիոնի շքանշանի հանձնման արարողությանը։ «Օլանդն ակնկալում է, որ Մուգալյանին կհանդիպի ընթրիքի սեղանի շուրջ, երբ նա ամբողջությամբ կազդուրվի», - ասել է Ջուլիան։

France 24-ի փոխանցմամբ՝ գնացքի այլ ուղևորների հանձնելով պարգևները՝ Օլանդը հայտարարել է, որ մարդիկ կարողացան ցույց տալ «դիմադրելու ուժը»:

«Դուք նաև խիզախության դաս տվեցիք։ Ուրբաթ օրվանից ամբողջ աշխարհը հիանում է ձեր քաջությամբ, ձեր սթափությամբ, ձեր համերաշխության ոգով: Սա պետք է օրինակ լինի, ներշնչանքի աղբյուր», - այսպես է գնահատել Ֆրանսուա Օլանդը ուղևորների ցուցաբերած դիմադրությունը, որը, ըստ միջազգային լրատվամիջոցների, նախաձեռնել է Մուգալյանը, և որի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել զոհերից:

Պատվո լեգեոնի սպայական շքանշաններով երեկ պարգևատրվել են ամերիկացիներ 23-ամյա Սպենսեր Սթոունը, 22-ամյա Ալեք Սկարլատոսը, 23-ամյա Էնթոնի Սադլերը և 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանը:

Իրավապահները շարունակում են հարձակման գործի քննությունը: Վնասազերծված Այուբ Էլ Քազանիի փաստաբանը հերքել է վարկածը, թե տեղի ունեցածն ահաբեկչություն է։ Նա ասել է, որ իր պաշտպանյալի նպատակն է եղել «միայն ուղևորներին թալանելը»:

France 24-ի փոխանցմամբ՝ Քազանիի հայրն ասել է՝ չգիտի, թե ինչու է որդին դիմել նման քայլի։ Նա ավելացրել է, թե որդու հետաքրքրություններն են ֆուտբոլն ու ձկնորսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG