Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»․ Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը օլիգարխներն են


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»․ Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը օլիգարխներն են
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

«Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը օլիգարխներն են, որոնք վայելում են համախառն ներքին արդյունքի մոտ 35 տոկոսը կազմող ստվերային տնտեսության պտուղները», - փաստում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում:

Հեղինակավոր կազմակերպության գնահատմամբ՝ հզոր լծակներ ունեցող Հայաստանի նախագահը և իշխող քաղաքական վերնախավը «սերտաճած են բիզնեսի հետ», երկրում գերակայում են մենաշնորհները, հովանավորչությունը․ - «Մասնավոր և պետական հատվածի միջև հստակ տարանջատման բացակայությունը էապես խոչընդոտում է հակակոռուպցիոն ջանքերին: Զարմանալի չէ ըստ այդմ, որ Հայաստանի բնակչության 82 տոկոսը համոզված է, որ կոռուպցիան պետական համակարգում խնդիր է, կամ լուրջ խնդիր»:

«Թե՛ նախագահը, թե՛ նախկին ու գործող վարչապետերը, թե՛ խորհրդարանի մեծամասնությունը նույն կուսակցության անդամ են, այդպիսով Հանրապետականը, նախագահն ու գործադիրը նույնացվում են», - գրում են հեղինակավոր կազմակերպության փորձագետները և եզրակացնում․ - «Այս նույնացումը երկրի նախագահին հնարավորություն է տալիս միահեծան կերպով որոշումներ կայացնել և վերջնական խոսքի իրավունք ունենալ պետական գրեթե բոլոր կարևոր հարցերում»:

Սրա արդյունքում Հայաստանի անցումը ժողովրդավարական համակարգի բնութագրվում է որպես «ոչ ամբողջական և անհամարժեք»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մտահոգիչ է համարում զեկույցում տեղ գտած գնահատականները, բայցև շեշտում, որ ամեն ինչ պետք է համեմատության մեջ նայել․ - «Շատ սուբյեկտիվ կարծիք է: Կոռուպցիան կա, եղել է և կլինի բոլոր տեղերում, աշխարհի բոլոր երկրներում, բայց հարկավոր է համեմատության դաշտում նայել»:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը շեշտում է՝ իդեալական վիճակ չկա: Բայց իրենք աշխատում են թերությունների շտկման ուղղությամբ․ - «Մենք որևէ մեկ անգամ չենք ասել, որ ամեն ինչ իդեալական է: Մենք ասում ենք, որ կան բավականին թերություններ: Իսկ եթե կան թերություններ, ուրեմն կա մտահոգվելու տեղ»:

Ընդդիմության ներկայացուցիչները կիսում են հեղինակավոր կազմակերպության կոշտ քննադատությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ զեկույցը, չնայած կոշտ գնահատականներին, չի բարձրաձայնել կարևոր մի հանգամանք՝ ինչո՞ւ է այս ամենը տեղ գտնում Հայաստանում․ - «Իրենք, օրինակ, արձանագրում են այն փաստը, որ այսօր խորհրդարանը դեր չունի և ծառայամիտ մի դիրքի մեջ է գտնվում իշխանության նկատմամբ, բայց չեն նշում դրա գլխավոր պատճառը: Դրա գլխավոր պատճառը իշխանության յուրացումն է ընտրությունների կեղծման միջոցով: Դա է, որ Հայաստանը կոռումպացված երկիր է դարձնում»:

Խորհրդարանական ընդդիմության մեկ այլ քաղաքական ուժի՝ «Ժառանգության» ներկայացուցիչները նշում են․ Արևմուտքը կոշտացրեց գնահատականները Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու որոշումից հետո:

«Այդ գործընթացի փաստորեն ձախողման հետևանքով և իր խոստումները չկատարելու հետևանքով այսպիսի զեկույցներ և գնահատականներ են տրվում անձամբ իրեն և իր ղեկավարած կուսակցությանը: Տարիներ շարունակ մենք այս ամոթի մեջ ենք, և կարևոր չէ, թե ով է այդ մասին բարձրաձայնում: Կարևոր է, թե մեր հանրությունը ինչպես չի հանդուրժելու այս իրավիճակը», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG