Մատչելիության հղումներ

Մասնագետ. 50 տարուց ավելի շահագործվող վերելակները պիտանի չեն օգտագործման


Մասնագետ. 50 տարուց ավելի շահագործվող վերելակները պիտանի չեն օգտագործման
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00

Մոտ մեկ ամիս առաջ վերելակի խափանման պատճառով հորում հայտնված Լյուդվիգը հրաշքով է փրկվել։

Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող և դեռ նախորդ դարում տեղադրված վերելակները, որոնք մայրաքաղաքի մոտ 5 հազար շենք են սպասարկում, շարունակում են ամեն օր վտանգել բնակիչների կյանքը:

Վերջին դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ, երբ երևանյան շենքերից մեկի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել էր։ Բարեբախտաբար, վերելակը չէր ընկել, մասամբ թեքվել էր, ներսում եղած քաղաքացիները, այդ թվում՝ մեկ տարեկան երեխան, դուրս էին բերվել վերելակից՝ անվնաս:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատության»-ն ասացին, որ «սա նորմալ երևույթ է», և ամեն օր էլ կարող է որևէ շենքում նման դեպք պատահել:

Երևանի կենտրոնի շենքերից մեկում էլ, մոտ մեկ ամիս առաջ, խափանման պատճառով վերելակը հայտնվել էր հորում: Վթարի պահին ներսում եղել էր շենքի բնակիչ 30-ամյա Լյուդվիգը, ով հրաշքով է փրկվել։ Չցանկանալով թարմացնել այդ օրվա սարսափելի հիշողությունները, որոշ մանրամասներ նա այդուհանդերձ պատմեց, բայց առանց տեսախցիկի։

«Արդեն զգացի, որ բավականին արագ ընթացք է հավաքել վերելակը, վախից, թե չգիտեմ, մեխանիկորեն եղավ, թռա վերև, որ ողնաշարի կոտրվածք չլինի։ Շատ ուժեղ դմփոց եկավ, ես մտածեցի, որ կաբինկան երևի ջարդվել է, շոշափում եմ պատերը, բայց չեմ համարձակվում սեղմել, մտածում եմ, որ կընկնի դեպի դուրս, ես կաբինկայի հետ միասին հայտնվել էի շախտայում», - պատմեց երիտասարդը։

Ընկերների օգնությամբ է նա դուրս հանվել մոտ երկու մետրանոց փոսից։ Այդ օրվանից Լյուդվիգը կնոջն ու երեխաներին արգելել է օգտվել վերելակից։ Ասում է՝ աչքը տեսածից է վախենում։

Ինը հարկանի շենքում նա միակը չէ, բնակիչներից շատերն են ստիպված ոտքով հաղթահարում հարկերը, անգամ մանկահասակ երեխայի և սայլակի հետ։ «Վերելակներից երաշխիք չունեմ», - ասաց բնակիչներից մեկը։

Երեք ամիս առաջ Աջափնյակում երիտասարդ կին էր մահացել վերելակի վթարի պատճառով։ Հայտարարվեց, թե վերելակը պարտադիր տեխզննում չէր անցել։ Սակայն պարզվում է, որ տեխզննումն էլ չի երաշխավորում հնարավոր վթարը։

Լյուդվիգի պնդմամբ՝ իրենց շենքի վերելակը դեպքից մեկ շաբաթ առաջ էր նորոգվել։ Նախարարությունն էլ հաստատում էր, որ այն տեխզննում անցել է։ Թե ո՞րն է վթարի պատճառը և ինչպե՞ս խուսափել՝ որևէ մեկը չգիտի։ Դեպքից հետո քաղաքապետարանից եկել են, արձանագրություն կազմել, սակայն, ըստ շենքի մեկ այլ բնակչի, վերելակը շարունակում է վատ աշխատել։

Մասնագետները պնդում են՝ Երևանում 50 տարուց ավելի շահագործվող վերելակները պիտանի չեն օգտագործման։ Տասը տարուց ավելի վերելակների տեղադրմամբ զբաղվող ընկերության տեխնիկական պատասխանատու Արթուր Մամալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կոսմետիկ նորոգումներն այլևս էական բան չեն փոխում։

«Ես ինքս մասնագետ եմ, բայց մտնում եմ այդ վերելակ՝ վախենում եմ։ Իսկ սովետի արտադրանքներն արդեն ինքը իրա ժամկետն անցել է, ինչքան էլ ուզենաս իրան վերանորոգես, միևնույն է՝ պետք է փոխվի, որ դառնա նորմալ վերելակ, դրա համար էլ տենց բաներ է լինում», - ասաց մասնագետը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանն ասում է, որ վերելակները ոչ թե քաղաքային իշխանությունների, այլև բնակիչների բաժնային սեփականությունն են, ուստի հենց նրանք պետք է մտածեն դրանց անխափան աշխատանքի մասին: Քաղաքային իշխանությունն իր կողմից տարեկան 100 միլիոն դրամ է հատկացնում, Գևորգյանի խոսքով՝ որպես բարի կամքի դրսևորում։

«Մենք կարող ենք դա չհատկացնել, որովհետև օրենքով որևէ պարտավորություն մենք չունենք այդ մասով։ Եթե լինեն շահագրգիռ ներդրողներ, ովքեր իրենց վրա կվերցնեն վերելակների փոխարինումը, մենք այդ առաջարկն անում ենք, բայց համայնքային բյուջեի միջոցներով դա ուղղակի անհնար է», - ասաց Գևորգյանը։

Վերելակ տեղադրող ընկերությունից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ նոր արտադրության մեկ վերելակն արժե առնվազն 25 հազար դոլար, ինչը փաստորեն դրված է բնակչի ուսերին։ Իր բազմամյա փորձի ընթացքում ընկերությունը չի հիշում գոնե մեկ դեպք, որ բնակիչներին հաջողված լինի հավաքել այդքան գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG