Մատչելիության հղումներ

Սահմանային ներթափանցում չի եղել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

«Մեզ մոտ ադրբեջանական զինծառայողներ չկան»,- ասում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ հղում տալով իրենց Պաշտպանության նախարարությանը, տեղեկատվություն տարածեցին, թե ադրբեջանցի երկու զինծառայող՝ կրտսեր սերժանտ Մուսաև Մուսա Սաբիրօղլուն և Յոլչուն Թուրալ Սահիբօղլուն անցել են հայ - ադրբեջանական սահմանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքեց այս լուրը։

Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ չնայած հակառակ կողմի պնդումներին՝ սահմանային ներթափանցում չի եղել։

«Չենք կարող հերքել կամ հաստատել, որ անցման փորձ չի եղել, որովհետև հնարավոր է դա, և դրա պրակտիկան էլ կա, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մեզ մոտ ադրբեջանական զինծառայողներ չկան։ Մեր մոտ իրենցից որևէ մեկի մարմինը չկա։ Երեկ մեզ դիմել է Կարմիր խաչը, և դիմումի մեջ հստակ նշված էր, որ կամ մարմինները, կամ վիրավորված, ամենայն հավանականությամբ, գտնվում են միջդիրքային հատվածում, ավելի շատ ադրբեջանական մերձդիրքային գոտիներում, թույլ տանք մենք, որպեսզի հնարավորության դեպքում մտնեն հանեն։ Մենք թույլ ենք տվել, ոչ մի խոչընդոտ չի եղել այդ հարցում»,- ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ մամուլի խոսնակը հավելում է, որ ադրբեջանական կողմը թույլտվություն ստանալուց հետո ոչ մի գործողություն չի իրականացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, ամենայն հավանականությամբ, զինծառայողները մոլորվել են անտառում և անցել սահմանը։ Today.az-ի պնդմամբ՝ Ադրբեջանը դեռ բանակցում է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հնարավոր լինի կորած զինծառայողների մասին որևէ տեղեկատվություն ստանալ։ Որոնման աշխատանքները շարունակվում են նաև Ադրբեջանի տարածքում։

«Թույլտվությունից հետո փորձ էլ չի եղել մտնելու։ Չեմ կարծում, որ կոնկրետ սա ինչ-որ սադրանք է, չնայած ադրբեջանական կողմին հատուկ է նման սադրանքները։ Շատ հավանական է, որ ուղղակի զինծառայողները, իրենց մոտից դժգոհելով, փորձել են փախչել մեր կողմ։ Նույնքան կասկածում եմ և ականները, նույնքան կասկածում եմ, որ կարող էին իրենք դիրքերից ուղղակի մեջքից խոցեին իրենց զինծառայողներին, երբ տեսնում էին, որ անցնում են այս կողմ»,- նշեց Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ, ներթափանցման փորձն արվել է սահմանի Տավուշի հատվածում։ Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը նշեց, որ իրենք տարօրինակ ոչինչ չեն նկատել, և այս օրերին գյուղում խաղաղ է եղել.- «Նորմալ է, մենք նույն ձևով ապրում ենք, տարբերություն չկա»։

Ըստ պաշտպանության նախարարության՝ անհիմն են այն մտահոգությունները, թե ելնելով Հայաստանում անցկացվող ցույցերից՝ հնարավոր է սահմանին կրակոցները առավել հաճախակի դառնան։ Նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, օրական արձանագրվում է մի քանի տասնյակ կրակոց, որը համարվում է նորմայից պակաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG