Մատչելիության հղումներ

Amnesty-ն և HRW-ը` «ժիրինովականների» թիրախ


Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Զոլոչևսկի: Արխիվ, 17 դեկտեմբերի, 2014թ.
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Զոլոչևսկի: Արխիվ, 17 դեկտեմբերի, 2014թ.

Վլադիմիր Ժիրինովսկու գլխավոր կուսակցությունը դիմել է Դաշնության գլխավոր դատախազին` Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքը ստուգելու, դրանք «անցանկալի» հռչակելու և օրենքի ուժող փակելու առաջարկով։

Անցած շաբաթ օրը` մայիսի 23-ին, Վլադիմիր Պուտինը վավերացրել է արտասահմանյան և միջազգային «անցանկալի» կազմակերպությունների մասին օրենքը, և ահա Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն արդեն դիմել է Դաշնության գլխավոր դատախազին` Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքը ստուգելու, դրանք «անցանկալի» հռչակելու և օրենքի ուժող փակելու առաջարկով։

Նախաձեռնությամբ հանդես է եկել Պետական դումայի պատգամավոր Վիտալի Զոլոչևսկին։ Գլխավոր դատախազություն ներկայացրած ցանկում նա ընդգրկել է ոչ միայն Amnesty-ն և Human Rights Watch-ն, այլև Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնը և «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը անցած շաբաթավերջին խստորեն դատապարտել է Պուտինի վավերացրած օրենքը՝ հայտարարելով, որ այն «անկախ ձայները լռեցնելու, և ռուս ժողովրդին աշխարհից է՛լ ավելի մեկուսացնելու Ռուսաստանի իշխանության գործելակերպի հերթական վկայությունն է»։

Ուշագրավ է, որ նոր օրենքը քննադատել է նաև Ռուսաստանի օմբուդսմեն Էլա Պանֆիլովան։ Այսօր հրապարակած զեկույցում նա նշում է, որ օրենքի «անորոշ, լղոզված դրույթները թույլ չեն տալիս իրավական հստակ ձևակերպումով վճռել, թե կոնկրետ որ կազմակերպությունն է կարելի փակել»։

Ըստ Պանֆիլովայի, գլխավոր դատախազին այդ իրավունքը վերապահելը` առանց դատարանի եզրակացության և առանց բողոքարկման հնարավորության, հակասում է Ռուսաստանի Սահմանադրությանը։

Օրենքն իրավապահներին թույլ է տալիս փակել արտասահմանյան «անցանկալի» ՀԿ-ները և մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտել նման ՀԿ-ների հետ համագործակցող ռուսաստանցիներին։

Քարնեգիի հիմնադրամի աշխատակից Ալեքսեյ Մալաշենկոն այսօր ասել է, որ հիմնադրամը սկզբունքորեն չի ցանկանում մեկնաբանել դումայի պատգամավոր Զոլոչևսկու նախաձեռնությունը։

Իսկ Human Rights Watch-ի ռուսաստանյան ծրագրերի տնօրեն Տատյանա Լոկշինան հույս է հայտնել, որ գլխավոր դատախազությունը լուրջ չի ընդունի պատգամավորի դիմումը։

«Մեմորիալ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Չերկասովը պատգամավորի դիմումն անվանել է «մատնագիր»՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ - «Ի՞նչ է նշանակում այդ «սև ցուցակում» հայտնվելը։ Դա դեռ ոչ ոք չգիտի, որովհետև օրենքը չունի իրավակիրառական փորձ: Այժմ կարելի է միայն խոսել այդ «օրենքի» մասին, որովհետև այն ոչ մի առնչություն չունի իրավունքի հետ»։

Իսկ Amnesty International կազմակերպության ռուսաստանյան բաժնի ղեկավար Սերգեյ Նիկիտինը հայտարարել է, թե իրեն ապշեցրել է պատգամավոր Զոլոչևսկու նախաձեռնությունը։ Նիկիտինը չի հավատում, որ Amnesty-ն կփակեն․ - «Եթե մեզ «անցանկալի» համարեն, ապա կփակեն, բայց դա մեծ սկանդալ կլինի։ Ռուսաստանը կդառնա միակ երկիրը, որտեղ Amnesty-ն օրենքից դուրս կհամարեն: Դա շատ տարօրինակ կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG