Մատչելիության հղումներ

Ռիգայի գագաթնաժողովը կարելի է համարել Հայաստան - ԵՄ հարաբերությունների նոր սկիզբ․ Կիրակոսյան


Բորիս Նավասարդյանը և Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույց են տալիս «Ազատությանը», 22-ը մայիսի, 2015
Բորիս Նավասարդյանը և Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույց են տալիս «Ազատությանը», 22-ը մայիսի, 2015

Քաղաքագետի կարծիքով, Հայաստանը հնարավորություն ունի փրկվել ԵՏՄ-ի «բանտախցից» և փրկել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, Ռիգայի գագաթնաժողովն արդեն կարելի է համարել Հայաստան - ԵՄ հարաբերությունների նոր սկիզբ:

«Պետք է նշեմ, որ ես թե՛ հաճելիորեն զարմացած, թե՛ հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է այսքան առաջընթաց ապրել Վիլնյուսի համեմատ: Եթե հիշում եք, երկու տարի առաջ Արևելյան գործընկերությունը բաղկացած էր 6 երկրներից, մինչդեռ հիմա դրա մեջ մտնում են 3 երկրներ մեկ կատեգորիայում՝ նրանք, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագրերը, և Հայաստանից, Բելառուսից ու Ադրբեջանից, որոնք չեն ստորագրել: Ընդ որում, եթե այն ժամանակ Հայաստանը վերջնապահն էր, այժմ արդեն մենք առաջ ենք անցնում մյուսներից», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա դրական է գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը գագաթնաժողովին՝ նշելով, որ սա Հայաստանի համար երկրորդ հնարավորություն դարձավ:

«Անցած գագաթնաժողովը նաև ցույց տվեց, որ իրականում Արևելյան գործընկերությունն այժմ ոչ թե 6, այլ 5 երկրներից է բաղկացած: Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը չմասնակցեց գագաթնաժողովին, այն, որ այդ երկիրը գրեթե հետաքրքրվածություն չի ցուցաբերում ԵՄ-ի առաջարկների նկատմամբ և ԵՄ-ի ձեռքում Ադրբեջանի վրա ներազդեցության լծակներ չկան, Հայաստանին հնարավորություն են ընձեռում փրկվել Եվրասիական միության բանտախցից և փրկել իր հարաբերությունները Եվրամիության հետ», - ասաց քաղաքագետը:

Հարցին, թե արդյոք, իր կարծիքով, Եվրամիությունը ունի՞ այդ հնարավորությունը, ընդունակությունը, ցանկությունը և միջոցները, որպեսզի ինչ-որ մի այլընտրանքային լրատվական քաղաքականություն մշակի ռուսական քարոզչության դեմ, Կիրակոսյանը պատասխանեց, որ Արևելյան գործընկերության այս գագաթնաժողովում քննարկումների հիմնական թեման ոչ այնքան հակառուսականությունն էր, որքան՝ Արևելյան գործընկերության երկրների սուվերեն որոշում կայացնելու հնարավորությունը:

«Ավելին, եթե դիտարկում ենք գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը և անցկացված քննարկումները, կարելի է նույնիսկ ասել, որ Ռուսաստանին բավարար ուշադրություն չի դարձվել: Ես նույնիսկ կասեի, որ որոշ դեպքերում իրերն իրենց անունով չկոչելը և Ռուսաստանի անվանումը գործածելուց հրաժարվելը կարելի է կորսված հնարավորություն համարել, քանի որ Եվրամիության ամենամեծ թերությունը՝ անվտանգությունը, կարծես բաց մնաց», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ տպավորություն էր, թե փորձում են ձևացնել, թե իրավիճակն այնքան վատ չէ, որքան իրականում է:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար, Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանի պնդմամբ էլ՝ այն, ինչ տեղի ունեցավ մի շարք երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, ցույց տվեց, որ լրատվամիջոցների դերը և կարևորությունը հասարակությանը կողմնորոշելու համար, Եվրամիության հետ համագործակցությանը պատրաստելու համար իր հետևանքները թողնում են:

«Այն, որ Հայաստանի հասարակությունը, կարծում եմ, այսօր բաժանված է երկու մասի, մի մասը գտնում է, որ Հայաստանն առավել ակտիվ պիտի մասնակցի եվրաինտեգրացիոն գործընթացներում, մնացածն ասում են, որ դա մեզ պետք չէ, դա ինչ-որ տեղ նաև լրատվամիջոցների աշխատանքի արդյունքն է՝ ոչ միշտ կառուցողական աշխատանքի: Տարբեր հարցեր, տարբեր խնդիրներ մի փոքր խեղաթյուրված են ներկայացվում», - ասաց Նավասարդյանը:

Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգողի կարծիքով, նույնն է խնդիրը նաև ռուսական քարոզչության հետ․ - «Այն է՝ շատ իրադարձություններ, որոնք կատարվում են այս 6 երկրներում և ինչ-որ տեղ կապված են եվրաինտեգրացիոն գործընթացների հետ, ներկայացվում են ոչ այնպես, ինչպես իրականությունն է թելադրում, և այդ գնահատականը նաև արտացոլվեց նրանում, որ այդ համաժողովն իրականացվեց, որտեղ հիմնական թեման հենց ռուսական քարոզչության ազդեցությունն է այն գործընթացների վրա, որոնք Արևելյան գործընկերության շրջանակներում տեղի են ունենում»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդումն ամբողջությամբ դիտեք այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG