Մատչելիության հղումներ

Սիրիա մեկնող պատվիրակությունը կճշգրտի հայ համայնքի պահանջները


Սիրիա մեկնող պատվիրակությունը կճշգրտի հայ համայնքի պահանջները
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հալեպից օրեր առաջ վերադարձած հայերը պատմում են, որ բնակավայրերը ռմբակոծվում են, շատերի կյանքը թելից է կախված։

Այս ամսվա սկզբին Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ Սիրիայից երեխաների տարհանման հարցը քննարկել հաջորդող օրերին։ Մեկ շաբաթ առաջ էլ «Ազատության» հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն պատերազմական վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ ասել էր՝ այլևս առաջնային է ոչ թե համայնքի պահպանման, այլ սիրիահայերի փրկության հարցը: Անցել են օրեր, սակայն գործադիրը դեռ չի հստակեցնում՝ քննարկել է արդյոք սիրիահայերի վիճակին հրատապ արձագանքելու ծրագիր։

«Կառավարության ծրագիրը հետևյալն է՝ մեր երկու դիվանագիտական ծառայությունները այնտեղ գործում են, մի քանի օրից պատվիրակություններ կլինեն այնտեղ տեղում աշխատելու համար»,- ասաց «Ազատությանը» փոխանցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նախարարը անվտանգության նկատառումներով չասաց, թե ինչ պատվիրակություն է մեկնել և երբ է վերադառնալու, միայն նշեց, եթե պատվիրակության վերադարձից հետո պարզվի, որ սիրիահայերը դեռևս օգնության կարիք ունեն, կառավարությունը քայլեր կձեռնարկի։

«Կգնան, կգան, մենք ձեզ առավել կոնկրետ կասենք»,- ասաց Հակոբյանը։

Նախարարն հավելեց, որ մինչև Սիրիա պատվիրակություն գործուղելն էլ գիտեին՝ ինչ պահանջներ ունի համայնքը, բայց այսպես կճշգրտեն։ Ըստ Հակոբյանի՝ համայնքը ֆինանսական օգնության կարիք ունի, այժմ նախարարությունը փորձում է ֆինանսական միջոցներ հավաքել Եվրոպայում ու ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքից։

Իսկ մինչ այդ Սիրիայում օր օրի վիճակն ավելի օրհասական է դառնում, ասում է երկու օր առաջ Հայաստան տեղափոխված սիրիահայ Վարդան Մելքիսեթյանը։

«Մնացողները նյութական միջոցներ չունեն, որ կարողանան դուրս գնալ, դուրս գնալը ինքնին ծախսատար է։ Չունի այնտեղ մնացած ժողովուրդը այդ կարողությունը»,- ասաց Մելքիսեթյանը։

Նա պնդում է՝ սիրիահայերին առաջին հերթին անհրաժեշտ է օգնել օդանավի ծախսերը հոգալով, Հայաստանում էլ բնակատեղի տրամադրով։

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և բարերարների ֆինանսավորմամբ 2012-ին 3 օդանավով ավելի քան 400 սիրիահայեր եկան Հայաստան, անցած երեք տարիներին այլևս նման ծրագիր չի իրականացվել։ Սիրիայում ուսումնական տարվա ավարտին՝ մայիսի 12-ից հետո, ըստ նախարարության, մոտ 250 սիրիահայ է Հայաստան տեղափոխվել։

Բարեգործական կազմակերպությունների ու ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի օգնությամբ Սփյուռքի նախարարությունը 6 ամսով կհոգա մոտ 50 ընտանիքների կեցության ծախսերը՝ ամսական 60 հազար դրամ տրամադրելով նրանց։

Սիրիահայ Վարդան Մելքիսեթյանը այժմ միայն բնակարան վարձակալելու համար ավելի քան 150 հազար դրամ է վճարում, ասում է՝ Կառավարության ցանկացած օգնություն կարևոր է։ Հայաստան եկած սիրիահայերի առաջին մտահոգությունը, սակայն, պատերազմական գոտում մնացած հարազատներն են։ Շատերի տները քանդվել են ու նրանք ստիպված ապաստանել են համայնքային կենտրոններում ու եկեղեցիներում։

«Այնքան մարդիկ են մահանում առանց պատճառի, սովորական քաղաքացիների տների, ժողովրդի վրա են նետում [ռումբերը]»,- նշեց սիրիահայը։

XS
SM
MD
LG