Մատչելիության հղումներ

Համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն, ըստ ՀԱԿ-ի, տապալվել է


Համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն, ըստ ՀԱԿ-ի, տապալվել է
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

Կառավարության աննախադեպ նախաձեռնությունը միայն Սուրիկ Խաչատրյանի գլխավորած Սյունիքի մարզում է աջակցություն ստացել։

Կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում եւ Տավուշում, ըստ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի, տապալվել է։

Կառավարության աննախադեպ նախաձեռնությունը միայն Սուրիկ Խաչատրյանի գլխավորած Սյունիքի մարզում է աջակցություն ստացել, այն էլ՝ ձայների 94 տոկոսով։

Լոռիում 7 համայնքներից կողմ են արտահայտվել միայն Թումանյանում՝ համաձայնելով, որ հարակից 6 գյուղերը միացվեն քաղաքին։ Մինչդեռ թե՛ Տավուշի, թե՛ Լոռու գյուղերում, թեև որոշ դեպքերում կողմ ձայները դեմերից շատ են, արդյունքը, ըստ ընդդիմության, չի կարող համարվել դրական, քանի որ ըստ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի, քվորում չի ապահովվել։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ տեղական հանրաքվեն տապալված է»․ - «Այն, ինչ որ հիմա են անում, դա իր պարտությունն է: Ուղղակի մի ձև է, որ չընդունեն իրենց պարտությունը: Իրենք ըստ էության այս հանրաքվեի հարցում կրել են լիակատար պարտություն»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ թեև հանրաքվեն կազմակերպել են «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, բայց օրենքի ոչ բոլոր դրույթներն են գործում։ Նրա պնդմամբ՝ երեկվա հանրաքվեն տարբերվում է այլ հանրաքվեներից, քանի որ այս դեպքում արդյունքը պարտադիր չէ կատարման համար․ կառավարությունն ընդամենը ուզում էր իմանալ տեղացիների կարծիքը։

Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս դեպքում չի պատրաստվում որոշում կայացնել և հայտարարել, թե կառավարության նախաձեռնությունը որ համայնքում ինչ աջակցություն ստացավ։

«Խնդիրն այն է, որ այս տիպի տեղական հանրաքվեի հարցը ընդունված կամ չընդունված լինելու մասին որոշում ԿԸՀ-ն չի կայացնում: Որովհետև այս տեղական հանրաքվեն չունի իրավական պարտադիր ուժ: Սա հարցման տեսակ է ուղղակի», - ասաց Սմբատյանը:

Ընդդիմությունը ԿԸՀ-ի այս դիտարկումն անհեթեթ է համարում: Լևոն Զուրաբյանը տարակուսում է, թե ինչպես կարելի է քվեարկություն կազմակերպել մի օրենքով, իսկ արդյունքները դիտարկել ընտրողաբար՝ այդ օրենքի առանձին դրույթներն անտեսելով․ - «Նման բան չանելը նշանակում է օրենքի կոպտագույն խախտում և ժողովրդի կամարտահայտության արհամարհում»:

Իրենք՝ համայնքների միավորվող ու չմիավորվող բնակիչները, երեկ ոչ միայն պասիվ էին ընտրատեղամասերում, այլև «Ազատության» հետ զրույցներում խուսափում էին կարծիք հայտնել:

Նրանք հիմնականում շեշտում էին՝ եթե կառավարությունը իրականություն դարձնի խոստումները, գուցեև գյուղը բարեկարգվի, բայց անցած տարիների փորձը հակառակն է ցույց տալիս։

«Կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի խոստում չի կատարվել», - «Ազատությանն» ասաց միջին տարիքի մի կին: - «Կասկածում ենք, բայց մտածում ենք, որ կարելի է փոփոխություն անել, մի նոր բան անել: Թե դա ինչ արդյունք կտա, այ դա է կասկածելին, այ դա է հարցականը»:

Քիչ թե շատ ոգևորված էին Թումանյանում․ քաղաքապետ Լևոն Զավարյանը, չնայած հանձնաժողովի անդամ չէր, իր ակտիվությամբ հանձնաժողովի անդամներին չէր զիջում․ - «Ի վերջո կառավարությունը փող է դրել, որ այսօր հանրաքվե լինի»:

Սյունիքում, չնայած 94 տոկոս արդյունքին, կային նաև կառավարության նախաձեռնությանը դեմ արտահայտվողներ:

«Մարդուն ասում են՝ ինչի՞ց ես վախենում, ասում է՝ միայն իմ տեսածից․․․ Նախարարը որ եկել ա, գյուղացիները ոչինչ չեն հասկացել, թե ինչ է կատարվում: Հետո են իմացել, որ դրանից օգուտ չկա: Լավ բան չկա, չի լինելու, հնարավոր չի», - ասաց տարեց մի տղամարդ:

XS
SM
MD
LG