Մատչելիության հղումներ

Կառավարությունը արդեն առաջնային է համարում սիրիահայ համայնքի փրկության հարցը


Կառավարությունը արդեն առաջնային է համարում սիրիահայ համայնքի փրկության հարցը
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի կառավարությունը հայտարարում է՝ առաջնային է ոչ թե համայնքի պահպանման, այլ սիրիահայերի փրկության հարցը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց՝ արդեն ժամանակավրեպ է խոսել գաղութի հետագա պահպանման մասին, երբ տեղում վիճակը գնալով վատանում է։

«Արդեն, ցավոք սրտի, շատ բան է կորսված, սրանք վերջին հուսահատական ճիչերն են։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ այնտեղ հանգստություն, խաղաղություն լիներ, համայնքը վերագտներ իրեն, բայց ցավով եմ ասում՝ այսօր ավելի բացասական է իմ կարծիքը համայնքի լիաթոք գործունեության առումով։ Կարծում եմ՝ երբ խնդիրը կյանքի և մնացած հարցերի միջև է, իհարկե, կյանքը պետք է փրկել, կյանքից ավելի թանկ բան չկա»,- ասաց նախարարը։

Հալեպահայերի հարցն անցած շաբաթ բարձրացրեց նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է տարհանել Սիրիայում մնացած հայ երեխաներին։ Հակոբյանն ասում է՝ Հայաստանի կառավարությունը պետք է ելքեր գտնի՝ օգտակար լինելու նրանց, ովքեր ցանկություն ունեն դուրս գալ պատերազմական գոտուց։ Նախարարն ասում է՝ աջակցության ուղիները քննարկման ենթակա են։

«Գումար ուղարկելն ամենահեշտն է։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ արդյոք օդանավի անվտանգության հարցերը որևէ մեկը կվերցնի՞ իր վրա, կապահովի՞ օդանավի թռիչքը։ Դա արդեն ես չեմ կարող ասել, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է սրա պատասխանը տան։ Պետք է տրվի իրավիճակի գնահատականը։ Սա բոլորիս, կառավարության, պատկան կառույցների խնդիրն է, սա մեկ կառույցի խնդիրը չէ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։

Հայաստանի կառավարությունից հույսը կտրած, այժմ տասնյակ սիրիահայեր իրենք են դրամահավաք նախաձեռնել հայրենակիցներին Հալեպից դուրս բերելու համար։ «Հալեպ» բարեգործական կազմակերպությունը նշում է, որ իրենց բազմաթիվ սիրիահայեր են դիմել՝ խնդրելով դեպի Հայաստան ավիատոմս գնել:

Ջորջ Բերբերյանը ևս մտադիր է լքել Հալեպը։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ ճանապարհները վտանգավոր են, մյուս կողմից էլ մարդիկ գումար չունեն՝ պատերազմը հողին է հավասարեցրել շատերի բնակարաններն ու փոշիացրել կարողությունը։

«Մեծամասնությունը ուզում է դուրս գալ»,- ասաց հալեպահայը։

Սփյուռքի նախարարը, ամենայն հավանականությամբ, վաղը կառավարության նիստում կանդրադառնա սիրիահայերի հարցին։

«Պետք է բոլոր հարցերը քննարկենք, չպետք է լինի հարց, որ անտեսվի, բոլոր փուլերով պետք է նայենք՝ ինչ է հնարավոր անել ու հնարավորության սահմաններում փորձել օգտակար լինել մեր հայրենակիցներին»,- ասաց Հակոբյանը։

Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի ներկայացուցիչները տարիներ շարունակ պնդում են, թե համայնքը չպետք է կազմալուծել, այսօր արդեն այլ տեսակետներ են հնչեցնում։ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Ազատությանն» ասաց, թե իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են խորհրդարանում։

Ռուստամյանի կարծիքով, Հայաստանը պետք է նախաձեռնող լինի սիրիահայերի հարցով, դիվանագիտական միջոցներ պետք է կիրառվեն։

«Պետք է հնարավորություն ունենանք էվակուացնելու։ Ամբողջ Սիրիայում անվտանգ չէ։ Տեղափոխելու տեղը պետք է որոշվի։ Իհարկե, ամենամոտը Թուրքիան է։ Եթե Թուրքիան հայտարարում է, որ ինքը այդ ալյանսի մեջ է և պատրաստ է, ուրեմն պետք է կարողանանք նաև միջազգային ատյաններում վճռել այդ խնդիրը։ Գլխավոր հարցը մեր հայրենակիցների ֆիզիկական ապահովության խնդիրն է, այստեղ որևէ խտրականության առաջ պետք չէ կանգնել, բայց խնդիրը պետք է բարձրացնի Հայաստանի կառավարությունը դիվանագիտական միջոցներով միջազգային ատյանների առջև»,- ասաց Ռուստամյանը։

ՀՅԴ Բյուրոյի Լիբանանի ներկայացուցիչ Բենիամին Պչաքճյանը, մինչդեռ, «Ազատությանն» ասաց՝ գաղութը լուծարելու անհրաժեշտություն չկա։ Նա վերջերս Սիրիայում էր, ասում է, թե համայնքն ապրում է իր առօրյայով, երբ գա ժամանակը, ողջ ազգի հետ քննարկումից հետո արդեն որոշում կկայացվի։

«Ճիշտ է, որ տագնապ կա, ճիշտ է, որ պատերազմական վիճակ է, զրկանքներ կան, սակայն դա չի նշանակում, որ խուճապային մթնոլորտ կա, որ պետք է անմիջապես գաղութը պարպելու մասին մտածել»,- ասաց Պչաքճյանը։

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Սիրիայում մնացած հայերի հարցով Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը տարբեր ուղղություններով՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում։

XS
SM
MD
LG