Մատչելիության հղումներ

Դատախազությունը հաստատում է, որ ծեծկռտուքը սկսվել է Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո


Դատախազությունը հաստատում է, որ ծեծկռտուքը սկսվել է Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

Գլխավոր դատախազությունը այսօր հաստատել է, որ Սյունիքում անցած շաբաթավերջին տեղի ունեցած ծեծկռտուքը սկսվել է Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո: Մարզպետի որդին, սակայն, ձերբակալված չէ, նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարվել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, տուժածի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, միջադեպին մասնակցած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի գործն այսօր առավոտյան է փոխանցվել իրենց:

«Մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Զաքարյանը տեղափոխվել է Երևան, որտեղ նրան վիրահատել են: Տեսողությունը, սակայն, առայժմ չի հաջողվել վերականգնել:

Դեպքից երեք օր անց Քննչական կոմիտեն հրաժարվում է մանրամասներ հաղորդել։ Պաշտոնապես չի հաստատվում նաև, թե արդյոք վիճաբանողը մարզպետի որդին է: Սոնա Տռուզյանն ասաց․ - «Քննություն է տարվում պարզելու նախ խուլիգանությանը մասնակից անձանց ինքնությունը, որից հետո նոր կհստակեցվի նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը և ձեռք բերված ապացույցների հիման վրա կտրվի համապատասխան իրավական գնահատական»:

Հարութ Զաքարյանն այժմ շարունակում է բուժվել հիվանդանոցում: Այսօր ևս չհաջողվեց նրա հետ զրուցել: Զրույցից հրաժարվեցին նաև նրա հարազատները:

Երեկ «Ազատության» հետ զրույցում Զաքարյանի հայրը մանրամասն նկարագրում էր, թե իբր ճանապարհին ընթացող մեքենայից պատահաբար թռած քարն է վնասել Հարութի աչքը:

Տուժած երիտասարդի հայրն այսօր հիվանդանոցում չէր, հեռախոսազանգերին չպատասխանեց:

Երեկ Սյունիքի մարզպետը խորհրդարանում հայտարարեց, թե իր որդին որևէ ձեծկռտուքի չի մասնակցել: Ավելին՝ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում էր, որ միջադեպի օրը որդին ընդհանրապես Գորիսում չի եղել:

XS
SM
MD
LG