Մատչելիության հղումներ

Կրճատվել են խոշոր հարկատուների փոխանցումները պետբյուջե


Կրճատվել են խոշոր հարկատուների փոխանցումները պետբյուջե
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

Հայաստանի խոշորագույն ընկերությունները կտրուկ կրճատել են պետբյուջե վճարվող հարկերի ու տուրքերի ծավալը:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի առաջին հազար խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 152․3 միլիարդ դրամ, ինչը 1.3 տոկոսով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածում վճարված հարկերից ու տուրքերից:

Անցած տարվա վերջին երկու ամիսներին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց շուրջ 16.5 տոկոսով, և եթե ցուցանիշները դիտարկում ենք դոլարով, տեսնում ենք, որ անկումը տասն անգամ մեծ է: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին հայաստանյան խոշորագույն ընկերությունները պետբյուջե են փոխանցել մոտ 323 միլիոն դոլար, ինչը ավելի քան 13 տոկոսով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածում կատարված վճարումներից:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, Հայաստանի տնտեսության գրեթե երեք քառորդը ներկայացնող հազար խոշոր ընկերությունների վճարած հարկերի նման կտրուկ անկումը պարզորոշ վկայում է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է․ - «Նաև պիտի արձանագրենք, որ բյուջեն թերակատարվում է, թերակատարվում է շատ մեծ ծավալներով․ իմ հաշվարկներով, [այս տարվա առաջին երեք ամիսներին] մոտ 80-85 միլիոն դոլար քիչ գումար է հավաքվել, քան նախատեսված էր պետական բյուջեով»:

Արժույթի միջազգային հիմնադրամի՝ անցած ամիս հրապարակած World Economic Outlook-2015 զեկույցի համաձայն, Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը 2015 թվականը կփակի տնտեսության անկումով․ տնտեսությունը կկրճատվի 1 տոկոսով: Դեռ ավելին՝ հաջորդ տարի ևս տնտեսությունը չի աճի՝ կգրանցվի 0 տոկոս աճ։

Հայաստանի իշխանությունները, կարծես թե, այլ կարծիքի են․ մոտ երկու շաբաթ առաջ Ծաղկաձորում երիտասարդ հանրապետականների առջև վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ այս տարին փակել տնտեսական աճով: Ընթացիկ տարվա պետբյուջեով Կառավարությունը ծրագրել է ապահովել 4.1 տոկոս աճ, և այս ցուցանիշը մինչև օրս չի վերանայվել:

Մինչդեռ, Հայկ Գևորգյանի խոսքով, տնտեսության անկումը և որպես հետևանք՝ հարկերի կրճատումը դժվար թե կարճաժամկետ լինեն․ - «Գնալով իրավիճակը ավելի է վատանում, որովհետև Կառավարությունը չգիտի ինչ պիտի անի, չունի որևէ ծրագիր: Վարչապետը ասում էր, թե՝ մենք ծրագրեր կիրականցնենք, ու երկրորդ կիսամյակում արդեն դրանց արդյունքները ակնհայտ կդառնան բոլորի համար: Բայց իրականում այդ ծրագրերը ուղղակի չկան: Որևէ ծրագրի մասին վարչապետը չի ասել, չի ասում և առաջիկայում չի էլ ասելու»:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից նաև հայտնի է դառնում, որ ներկրմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություններ՝ «Ալեքս գրիգ»-ը և «Սամ-Սեր գրուպը», որոնք, ըստ լրատվամիջոցների, որոշ ապրանքատեսակների ներկրման մոնոպոլիստներ են ու պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, 2015 թվականի հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 26 տոկոսով նվազեցրել են հարկերն ու տուրքերը:

Մյուս կողմից, եթե այդ ընկերությունների մուծած հարկերը հաշվարկենք ԱՄՆ դոլարով, կստացվի, որ ավելի քան 35 տոկոսով են պակաս վճարել:

Ընդ որում պարզվում է, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսներին դոլարով ավելի քիչ հարկ է վճարել, քան ճգնաժամային 2009-ին: Այս տարի վճարել է 8.3 միլիոն դոլար, այն ժամանակ վճարել էր 9.6 միլիոն դոլար․ տարբերությունը ավելի քան 13 տոկոս է:

Գևորգյանը հիշեցրեց, որ մոտ մեկ տարի առաջ Կառավարությունը հայտարարել էր, թե ստվերի դեմ պայքար է սկսում, որի նպատակը խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելն էր․ - «Պայքար ստվերի դեմ արտահայտությունը միշտ վերցնենք չակերտների մեջ, որովհետև նման պայքար իրականում Հայաստանում չի իրականացվում: Դա ապրիորի բացառված է Հայաստանում: Գործող իշխանական համակարգի, գործող ընդհանրապես համակարգի պայմաններում չի կարող լինել պայքար ստվերի դեմ, որովհետև իշխանությունը պայքարելու է իշխանության դեմ, ինքն իր դեմ: Նման բան չի կաորղ պատահել ուղղակի»:

Ֆինանսների նախարարությունից այսօր չցանկացան մեկնաբանել հարկերի կրճատման մասին տվյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG