Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները, հաշմանդամ օդաչուները կրկին անպատասխան հեռացան


Նաիրիտցիները, հաշմանդամ օդաչուները կրկին անպատասխան հեռացան
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Այսօր կրկին Ազգային ժողովի մոտ էին հավաքվել հաշմանդամ օդաչուները, ովքեր մոտ տասը տարի է՝ «Հայկական ավիաուղիների» լուծարումից հետո առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում չեն ստացել։

Օդաչուները նոյեմբերին հանդիպել էին վարչապետի հետ, ով սնանկության հարցերով զբաղվող կառավարման կոլեգիային հանձնարարել էր «Հայկական ավիաուղիներին» պատկանող հողատարածքն անհապաղ վաճառել և պարտքը վճարել մինչև մարտ ամիս։ Վարչապետի հանձնարարությունը, սակայն, չի կատարվել։

«Ես 70 տարեկան մարդ եմ, командир корабля, պլակատով կանգնած եմ, ամոթ է, 40 տարի թռել եմ, հիմա կանգնել եմ, որ մուրացկանություն անեմ։ Էս պետությանը ամո՞թ չէ»,- ասում էր օդաչուներից մեկը։

Մի քանի տարի է փոխհատուցման են սպասում նաև Իրանում 2001 թվականին վթարված ՅԱԿ-40 օդանավի զոհված անձնակազմի ընտանիքի անդամները։ Այսօր նրանք հաշմանդամ օդաչուների հետ խնդրում էին նիստի շտապող պատգամավորներին բարձրացնել իրենց հարցը, նաև սնանկության մասին օրենքում փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում գումարը վճարելու պարտավորությունն իր վրա կվերցնի պետությունը։

«2004 թվականի 6-րդ ամսին, Դավիթ Հարությունյանը արդարադատության մինիստր էր, մենք իրեն դիմել ենք, հարցրել ենք՝ «Հայկական ավիաուղիները» սնանկանում է, մեր վերջը ի՞նչ է լինելու, ինքը մեզ պատասխանել է՝ 16-րդ կետի համաձայն՝ դրա տերը պետությունն է։ Ամեն ինչ իրար մեջ արեցին։ 7-րդ ամսին էդ 16-րդ կետը հանեցին, մենք մնացինք առանց ոչ մի բանի»։

Այսօր ազգային ժողովի մոտ հավաքվել էին նաև «Նաիրիտի» աշխատողները, ովքեր պահանջում էին ամիսներ շարունակ չստացած աշխատավարձը։ Գործարանի աշխատողներն արդեն 5 ամիս է ցույցեր են կազմակերպում, սակայն, ինչպես իրենք են նշում՝ անարդյունք։ Այսօր էլ նախագահի նստավայրի մոտ և Ազգային ժողովում նրանց ոչ ոք չընդունեց, և ցուցարարները շարժվեցին դեպի կառավարություն։

«Այս ամբողջ ընթացքում ընդամենը երկու ամսվա աշխատավարձ են վճարել և փաստորեն ամեն անգամ գալիս ենք նույն պատերը տեսնելու»,- ասում էին նրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG