Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը պնդում է՝ որդին Գորիսի ծեծկռտուքին չի մասնակցել


Սուրիկ Խաչատրյանը պնդում է՝ որդին Գորիսի ծեծկռտուքին չի մասնակցել
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

Շաբաթ օրը Գորիսում տեղի ունեցած խոշոր ծեծկռտուքի հետ իմ որդին որևէ առնչություն չունի, այսօր լրագրողների հարցին ի պատասխան պնդել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

«Տիգրանը Երևանում է, գյուղում ի՞նչ ունի անելու, որ...»,- ասել է մարզպետը։

Ոստիկանությունը հաստատում է, որ մայիսի 2-ի երեկոյան ահազանգ է ստացել՝ Գորիսի «Սդղի գլյոլ» կոչվող հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո աչքի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հարութ Զաքարյանը։

«Ազատության» հետ զրույցում գորիսցիներից մեկը, չցանկանալով ներկայանալ, պատմեց, որ տուժողը և նրա եղբայրը բռնության են ենթարկվել Սյունիք մարզպետի որդու Տիգրան Խաչատրյանի և նրա ընկերների կողմից։ Մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդի խախտումը, կանգնեցրել է նրան, ինչից հետո էլ ծագել է վեճն ու շարունակվել «Սդղի գյոլ» կոչվող հատվածում։ Ոստիկանություն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մարզպետի որդու մասնակցությունը ծեծկռտուքին։

«Հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում»,- փոխանցեցին ոստիկանությունից։

Վիճաբանության հետևանքով տուժած Հարութ Զաքարյանին երեկ տեղափոխել են Երևան։ Մալայանի անվան բժշկական կենտրոնում նրան վիրահատել են, սակայն աչքի տեսողությունը չի վերականգնվել։ Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ Զաքարյանի վիճակը ծանր է։

«Նա առանց տեսողության է եկել և դեռևս տեսողություն չկա։ Շատ դժվար է ասել՝ կվերականգնվի, թե՝ ոչ»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ Երևան տեղափոխված երիտասարդը աչքից բացի այլ վնասվածքներ էլ է ունեցել։

Հարութ Զաքարյանին տեսնել այսօր չհաջողվեց, նրա հիվանդասենյակի մոտ հերթապահող հարազատները ներս մտնել թույլ չտվեցին։ Զաքարյանի հայրը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, հերքեց նաև տեղեկությունները, թե որդին աչքի լուրջ վնասվածք է ստացել մարզպետի տղայի հետ վիճաբանության հետևանքով։

Թեև ոստիկանությունը հաստատում է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ծեծկռուտքից հետո, հայրը պնդեց, թե որդին որևէ մեկի հետ չի վիճել, պարզապես ճանապարհին մեքենայի անիվի վրա գործ անելիս է եղել ու այդ ընթացքում պատահաբար վնասվածք է ստացել ճանապարհի թռած քարից։ Քարն, ըստ տուժողի հոր, դիպել է ուղիղ տղայի աչքին, որից հետո նա ուշագնաց է եղել ու ոչինչ չի հիշում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Զաքարյանները Սյունիքի մարզպետի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի բարեկամներն են և նախկինում ևս բազմաթիվ անգամներ խնդիրներ են ունեցել ու վիճաբանության մեջ եղել մարզպետի ընտանիքի հետ։ Տեսողությունը կորցրածի հայրն այսօր հաստատեց՝ իրենք Բուդաղյանների բարեկամներն են, բայց չընդունեց, որ մարզպետի հետ որևէ խնդիր են ունեցել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վաղուց է հետևում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի շուրջ զարգացումներին։ Ոստիկանության և տուժողի հոր խոսքերի հակասությունները վկայում են՝ մարդիկ այնքան վախեցած են, որ անգամ առողջությանը հասցված լուրջ վնասվածքից հետո վախենում են այդ մասին բարձրաձայն խոսել, նկատեց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG