Մատչելիության հղումներ

Անկարգություններ Ստամբուլում. 136 մարդ բերման է ենթարկվել


Անկարգություններ Ստամբուլում. 136 մարդ բերման է ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

CNN Turk-ի հեռուստակայանի հաղորդումից երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ՝ կարմիր դրոշները ձեռքներին, ճեղքում Ստամբուլի Թաքսիմ հրապարակը շրջափակած ոստիկանների շղթան և համախմբվում հրապարակի կենտրոնում։

Haberler TV-ի ռեպորտաժում, մեկ այլ վայրում ոստիկաններն արցունքաբեր գազով փամփուշտներ են կրակում ցուցարարների ուղղությամբ։

Հազարից ավելի ցուցարարներ հավաքվել էին Թաքսիմից ոչ հեռու` Բեշիքթաշի հրապարակում: Արհմիությունների ձախ ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այնտեղից երթով շարժվելու են դեպքի Թաքսիմ։ Նրանց դեմ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ են կիրառել։

Հազարավոր ոստիկաններ շրջափակել են Թաքսիմի հրապարակը և հարող փողոցները` ցույցերը, բողոքի ակցիաները և հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով։ Այս շրջանում արգելափակված է նաև տրանսպորտի աշխատանքը, օդից իրավիճակին հետևում են ոստիկանական ուղղաթիռներից:

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ոստիկանները հինգ մարդ են կալանավորել Թաքսիմին հարող Օքմեյդանի շրջանում։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանց մոտ հակագազեր և անկարգությունների ժամանակ օգտագործվող այլ իրեր են հայտնաբերվել։ Ավելի ուշ, Hurriet Daily News-ը հաղորդեց, որ Թաքսիմի հրապարակի մերձակայքից 136 մարդ է բերման ենթարկվել։

Թուրքիայի ոստիկանությունը բերված է բարձր զգոնության աստիճանի։ Ոստիկանական ուժերը ավելացվել են։ Anadolu-ի փոխանցմամբ՝ մոտավորապես 10 հազար ոստիկան է վերահսկում Ստամբուլի կենտրոնը։

Անվտանգության ուժերը ստուգումները սկսել էին դեռ երեկ։ Ստամբուլի ոսիկանության դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հինգշաբթի օրը ոստիկանները 101 «մոլոտովի կոկտեյլ»-ներ են հայտնաբերել։ Այսինքն՝ հրկիզումների համար նախատեսված դյուրավառ հեղուկներով լի շշեր, ինչպես նաև այլ նյութեր, կազմակերպչական փաստաթղթեր։

Մայիսի 1-ը Թուրքիայում շատ լարված է անցնում. մայիսի 1-ը Թուրքիայում միայն Աշխատավորների իրավունքների պաշտպանության օր չէ, մայիսի 1-ը Թուրքիայում առաջացնում է այն զգացումը, ինչ մարտի 1-ը Հայաստանում։

1977 թվականի մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած բախումների, բռնաճնշումների արդյունքում 34 ցուցարար էր սպանվել։ Մինչև 2010 թվականը Թաքսիմը մայիսի 1-ին փակ էր, ցույցերն ու հավաքները՝ արգելված։

Արգելքը վերացնելուց հետո 2013 թվականին այստեղ բախումներ տեղի ունեցան անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնք մի քանի օր շարունակվեցին։ Բախումներից հետո Գեզիի հրապարակում սկսվեցին հակակառավարական երկարատև բողոքի ակցիաներ և անկարգություններ, որոնց արդյունքում նաև զոհեր եղան։

Այս տարի հրապարակը արգելափակված է։ Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ սահմանափակ թվով ցուցարարների կթույլատրվի Թաքսիմ հրապարակ մտնել՝ հարգանքի տուրք մատուցելու 1977 թվականի զոհերի հիշատակին։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իր հայտարարությունում, ցանկություն է հայտնել, որ մայիսի 1-ը Թուրքիայում նշվի տոնական տրամադրություններով՝ առանց սադրանքների։

Ստամբուլի Dogan news-ը ուղիղ հեռարձակմամբ ցույց էր տալիս, որ Ստամբուլում արդեն վիրավոր ցուցարարներ կան, որոնց տեղում օգնություն էր ցուցաբերվում, իսկ Ստամբուլի թաղամասերից մեկում ցուցարարների մի խումբ բարիկադներ էր կառուցել և ոստիկանների ու ոստիկանական մեքենաների ուղղությամբ քարեր և պայթուցիկներ էր նետվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG