Մատչելիության հղումներ

Գազի գինը կնվազի ոչ թե հայաստանցիների, այլ «Գազպրոմ Արմենիա»-ի համար


Գազի գինը կնվազի ոչ թե հայաստանցիների, այլ «Գազպրոմ Արմենիա»-ի համար
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00

Ռուսական գազի գինը կնվազի ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի համար։ Ներքին սպառման շուկայում գինը կմնա անփոփոխ, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն սակագնի վերանայման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չի պատրաստվում դիմել։

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ։ Ըստ այդ համաձայնության, 189 դոլարի փոխարեն, 1000 խորանարդ մետր գազը այսուհետ կարժենա 165 դոլար։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ դրամ-դոլար փոխարժեքի տատանման հետ կապված՝ ընկերությունը վնասներ էր կրում, իսկ գնի նվազեցումը կշտկի այդ իրավիճակը։

«Մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք փոխարժեքի տատանման հետ կապված ընկերության կրած վնասները: Ինչպես գիտեք, գործող սակագնի հիմքում ընկած է 416 դրամ 1 դոլարի դիմաց հարաբերակցությունը, իսկ ներկայիս Կենտրոնական բանկի հրապարակած կուրսը արդեն նկատելիորեն տարբերվում է սակագնայինից: Մեր դիտարկումներով, այդ գազի գնի սահմանի նվազումը մեզ հնարավորություն կտա գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը վերանայելու համար», - ասաց Սարդարյանը:

Գազի գնի հարցը այսօր Ազգային Ժողովի միջանցքներում քննարկվող գլխավոր թեման էր: Հիմնականում հետևյալ հարցն էր հնչում՝ արդյո՞ք պետք է նվազի գինը նաև ներքին սպառողի համար, թե՞ ոչ։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, գազի սակագնի գոյացման մեջ լուրջ փոփոխություն է եղել: Դա նշանակում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հարցը պետք է քննարկի։

«Եթե փոխվել է հիմնական կոմպոնենտը այդ թվաբանության մեջ, այն է՝ գինը սահմանի վրա, դա նշանակում է մեխանիկորեն, օրենքի տառին համաձայն, պետք է հայտ ներկայացվի գազի գնի փոփոխության հետ կապված», - ասաց Մանուկյանը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ վստահ է՝ հարցը փակված չէ: «Գազպրոմ Արմենիա»-ն դեռ պետք է հիմնավորի՝ սակագինը չիջեցնելու իր փաստարկները։

«Կտրուկ նման հայտարարությունը ես այս պահին ես չեմ համարում վերջնական և ամբողջական, քանի որ այս հարցը քննարկման է ենթական Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ», - ընդգծեց Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանի համար էլ հասկանալի է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն շահագրգիռ չէ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի գինը նվազեցնելու հարցով։ Մինչդեռ Մելքումյանի խոսքով, հանձնաժողովը կարող է նաև ինքնուրույն նախաձեռնել սակագնի քննարկումը։ Ըստ տնտեսագետ Մելքումյանի, գոնե մեկ կետով գինը կարող է նվազել․ ավելացված արժեքի հարկը գոյանում է գազի գնից, իսկ եթե այն նվազում է, ապա հարկի չափն էլ է նվազում։

«Մոտ մի քանի դոլար՝ միայն ավելացված արժեքի հարկի մասով իջնում է ինչ-որ մի բան: Սա պետք է լուրջ ուսումնասիրվի», - ասաց ԲՀԿ պատգամավորը:

Հաշվել է պետք, վստահ է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը։ Նա ընդունում է, որ փոխարժեքի տատանումը այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն վնասով էր աշխատում, բայց կարծում է, որ գնի նվազումից հետո պետք է նոր հաշվարկ անել։ Հաշվել կարող է նաև ինքը, բայց դա իր աշխատանքը չէ, ասաց, որ մենք անկախ մարմին ունենք դրա համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս հարցով դեռ չեն զբաղվում։ Այնտեղից «Ազատության»-ը փոխանցեցին, որ տեղեկատվություն կտրամադրեն, երբ «Գազպրոմ»-ից գազի գնի նվազեցման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը ստանան։

Այսօր էլ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ գազի գնին վերաբերող հարցին ի պատասխան Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը ասաց, որ որոշումը կայացնելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Այդ դեպքում ինչո՞ւ է «Գազպրոմ»-ը հայտարարում, որ գինը անփոփոխ է մնալու, արձագանքեց Արամ Մանուկյանը։

«Նախ՝ «Արմենիա Գազպրոմ» ընկերության ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ պատրաստվում են այդ հիմնավորումները հավանաբար ներկայացնել հանձնաժողովին», - ասաց Երվանդ Զախարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG