Մատչելիության հղումներ

Խորհրդարանականները մեկնաբանում են Թանգյանի քննադատությունն ու Սփյուռքի նախարարի կոչը


Խորհրդարանականները մեկնաբանում են Թանգյանի քննադատությունն ու Սփյուռքի նախարարի կոչը
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

«Սփյուռքը միայն դոնոր չէ», - Հայաստանի իշխանություններին հիշեցրեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Իշխող Հանրապետականի ղեկավար անդամ Գագիկ Մելիքյանը դժգոհ չէ սփյուռքի օգնությունից, թեև կարծում է, որ կարող էին ավելի ակտիվ լինել: Դրսի մեր հայրենակիցներին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը Մելիքյանը տեղին է համարում․ - «Այդ առաջարկության մասին արժե մտածել: Ոչ միայն հազար դոլար յուրաքանչյուր հայ․ եթե յուրաքանչյուր հայ նույնիսկ մեկ դոլար ներդրում կատարի Հայաստանի տնտեսության մեջ բանկային համակարգով, ես կարծում, որ բավականին դրական աշխատանք կլինի մեր երկրի համար: Սա ընդամենը հայության կամքի արտահայտումը կլիներ մեր տնտեսության ակտիվության համար»:

Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն ասել էր․ - «Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել ներկայիս ինստիտուցիոնալ անարդարությունից և կանխել արտագաղթը:

Այս հայտարարությանը «Ա1 պլուս»-ի հետ զրույցում արձագանքել էր Հրանուշ Հակոբյանը․ - «Քննադատելն ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները․ եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն, բարի եղեք, օգնեք, որպեսզի այստեղ մեր տնտեսությունը զարգանա, և մարդիկ չգնան»:

Հակոբյանը նաև օգնության ձևերն էր հուշել․ - «Թող պարոնները, բոլոր պարոնները, մեկ միլիոն մարդ Հայաստանում հազար դոլար հաշվի համար բացի բանկում: Մեզ փող չտա: Բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա»:

«Սփյուռքը միայն դոնոր չէ», - Հայաստանի իշխանություններին հիշեցրեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սփյուռքահայերը, նրա խոսքով, իրավունք ունեն իրենց դիրքորոշումը հայտնել, մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին:

«Նրանց ընկալումը միայն այն է, որ սփյուռքը պետք է միայն ցուցաբերի աջակցություն և որևիցե կապ չունենա այդ աջակությունից հետո քաղաքական որոշումների նկատմամբ վերահսկողության ուղղությամբ: Մինչդեռ մենք հասկանում ենք նաև, որ հենց սփյուռքի միջոցով է այսօր մեր տնտեսությունն ապրում: Որովհետև այն փոխանցումները, որ կատարվում են մեր սփյուռքում ապրող հայրենակիցների միջոցով, դրանք մեր տնտեսության համար հսկայական նշանակություն ունեն»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) կարծում է, որ սփյուռքահայը հայաստանցու նման պարտավորություն ունի պատմական հայրենիքի նկատմամբ, բայց նաև գտնում է, որ որևէ մեկը իրավունք չունի ասելու՝ ինչո՞ւ է Սերժ Թանգյան քննադատում: Նա, ըստ Շարմազանովի, վաստակել է այդ իրավունքը․ - «Թող յուրաքանչյուրը, սկսած ինձնից, Սերժ Թանգյանի արածի մի մասը անի մեր երկրի համար: Այն, ինչ արել է Սերժ Թանգյանը և SOAD խումբը, ու մինչև ապրիլի 24-ը, դա մեծ գործ է»:

Շարմազանովի կարծիքով, Թանգյանի գնահատականը ոչ թե իշխանություններին ուղղված վիրավորանք էր, այլ սրտացավ հայի խոսք․ - «Ներողություն խնդրելով, մեր խնդիրները հասկանալով՝ մեր պագոնները չեն իջնում: Մենք ավելի ենք ուժեղանում: Եթե մենք մեր սխալները գնահատում ենք, և դիմացինը մեզ ասում է, և մենք ընդունում ենք այդ սխալները, այդ իր խորհուրդներից նոր աշխատաոճ ենք ունենում կամ հասկանում ենք, որ մենք պետք է նոր քայլեր ձեռնարկենք, դրանից մենակ մեր արժեքն է ավելանում»:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով, երբ սփյուռքահայերը խոսքը գործ է դառնում, հանդիպում են Հայաստանի իշխանության հարուցած խոչընդոտներին․ - «Մենք այս պահին էլ ունենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների համար բանտախցում անձ, որը, լինելով Հայաստանի Հանրապետության բանակի սպա, չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Դա մեր գործընկեր Ժիրայր Սեֆիլյանն է: Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ, այո, Հայաստանի Հանրապետության և՛ նախկին, և՛ ներկայիս իշխանությունները միշտ խոչընդոտել են բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ցանկացել են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում լուրջ գործունեությամբ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG