Մատչելիության հղումներ

ՀԽ-ում հույս ունեն, որ ապրիլի 24-ից հետո կառույցի կալանավորված անդամներն ազատ կարձակվեն


«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցները բողոքի ակցիայի ժամանակ, 17-ը ապրիլի, 2015թ․
«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակիցները բողոքի ակցիայի ժամանակ, 17-ը ապրիլի, 2015թ․

«Հիմնադիր խորհրդարան»-ն արդեն 2-րդ օրն է Երևանում իրազեկման ակցիաներ է անցկացնում։

Այսօր ընդդիմադիր կառույցը ներկայացնող մի խումբ երիտասարդներ պաստառներով ու կոչերով եղան մի քանի եվրոպական դեսպանատների, Ազգային Ժողովի, գլխավոր դատախազության և վերջում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

Նրանք իշխանություններին կոչ էին անում ազատել իրենց կալանավորված ընկերներին, իսկ դեսպանատների աշխատակիցներին և պատահական անցորդներին իրազեկում էին, որ Հայաստանում, իրենց բնորոշմամբ, կրկին քաղաքական բանտարկյալներ կան։

«Ուզում եմ, որ հայ ժողովուրդը հասկանա, որ իր հերոսին են ձերբակալում, իր ազատ քաղաքացուն են ձերբակալում, իր պահանջատեր քաղաքացուն են ձերբակալում», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի երիտասարդ անդամներից մեկը:

Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ընկերների ազատազրկումից հետո երեկ առաջին անգամ Սեֆիլյանի ընտանիքի անդամները հնարավորություն են ունեցել հանդիպելու նրանց։ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը «Ազատության»-ն ասաց, որ կալանավայրում խնդիրներ չունեն, իրեն անհանգստացնում է միայն երիտասարդ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի վիճակը, ով արդեն 12-րդ օրն է շարունակում է հացադուլը։

Թորոս Սեֆիլյանն ասաց, որ հիմա, երբ ապրիլի 24-ն արդեն անցել է, հույս ունի, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամները ազատ կարձակվեն։

Սեֆիլյանին ու մյուսներին ազատազրկել էին ապրիլի 7-ին՝ ապրիլի 24-ին անկարգություններ ծրագրելու մեղադրանքով։ Կալանված ընդդիմադիրների փաստաբանները պնդում են, թե նրանց ապօրինի են պահում անազատության մեջ։ Լուրջ հիմնավորումներ այդպես էլ չեն ներկայացվել, թե ընդդիմադիրներն իսկապես զանգվածային անկարգություններ էին ծրագրել։

«Տեսանք, որ նման բան չպատահեց: Սա էլ չպատահեց ոչ թե որովհետև Ժիրայրը կամ մեր հինգ ընկերները անազատության մեջ են, ոչ, իրոք չկար էդպիսի բան», - ասաց Թորոս Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ չէ, Սփյուռքում է բնակվում, ասում է, որ Հայաստան է եկել առաջին հերթին կրտսեր եղբորը սատարելու համար։ Թորոս Սեֆիլյանն ասում է նաև, որ դեռ 7 տարի առաջ մի հանդիպման ժամանակ զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով այն ժամանակ ասել էր, որ հարգում է Ժիրայր Սեֆիլյանին։

«Հույսը, որ ես ասում եմ, մի բան ուզում եմ այդ օրերի իմ հանդիպման հետ կապված՝ այդ, ինչ որ ինքն ասել էր ինձ, դա չեմ ուզում վերջնական ոտնակոխ անել, որովհետև ինձ ասել է, որ մենք Ժիրայրին սիրում ենք, հարգում ենք: Այդպիսի բառեր ես լսել եմ անձամբ իրենից: Վնաս չի տա, եթե միամիտ դուրս գամ, բայց ես տակավին ուզում եմ հավատալ՝ ահավասիկ, անցավ այդ օրը, իրենք թող ուրեմն զգան իրենց պարտականության լիուլի կատարումը», - ասաց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG