Մատչելիության հղումներ

Օլանդն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի խնդիրը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ի երեկոյան Հայաստանից մեկնել է Ադրբեջան, որտեղ, շաբաթ օրը հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ. - «Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հակամարտության՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջ։ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել հակամարտությունը լուծելու հարցում Ֆրանսուա Օլանդի ակտիվության կապակցությամբ»:

Հիշեցնենք՝ անցած հոկտեմբերին Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կայացել էր Ֆրանսիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:

Շաբաթ օրը Բաքվում կայացած Ալիև - Օլանդ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային, միջազգային այլ խնդիրներ և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Օլանդի ու Ալիևի մասնակցությամբ երկու երկրների կրթության նախարարները մտադրությունների հուշագիր են ստորագրել ֆրանս-ադրբեջանական համալսարան հիմնելու վերաբերյալ:

Ֆրանսիայի նախագահի Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Օլանդին կոչ էր արել օգտվել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման առիթից և նրան հորդորել ազատ արձակել բանտարկված լրագրողներին ու դադարեցնել հետապնդել իշխանությունների քննադատներին:

«Ամբողջ մամուլում բազմակարծությունը վերացնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ճնշում են մնացած քննադատական մի քանի աղբյուրները»,- ասել է կազմակերպության ծրագրերի տնօրեն Լյուսի Մորիլոն, նշելով, որ Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական առաջին խաղերը հնարավորություն են ընձեռում, որ Եվրոպայի առաջնորդները հատուկ պատասխանատվությամբ դատապարտեն Բաքվի աննախադեպ ճնշումները:

«Մենք Ֆրանսուա Օլանդին կոչ ենք անում, որ խաղերի բացման արարողությանը Ֆրանսիայի պատվիրակությունը մասնակցի բանտարկված լրագրողներին ազատ արձակելու պայմանով», - հայտարարել է լրագրողական միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրենը:

Ադրբեջանում բանտարկված են մոտավորապես 100 լրագրողներ, ընդդիմադիրներ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ, բլոգերներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG