Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Եթե աշխարհը խոսում է մի լեզվով, որը Թուրքիայում չեն հասկանում, ուրեմն սխալն իրենց մեջ է»


Նալբանդյան. «Եթե աշխարհը խոսում է մի լեզվով, որը Թուրքիայում չեն հասկանում, ուրեմն սխալն իրենց մեջ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները։

Եթե ամբողջ աշխարհը խոսում է մի լեզվով, որը Թուրքիայում չեն հասկանում, ուրեմն այնտեղ պետք է մտածեն, որ սխալը միգուցե իրենց մեջ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների հասցեին վերջին օրերին Անկարայից հնչող քննադատությանը:

Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, նշեց․ - «Թուրքիան այս վերջին օրերին կամ վերջին շրջանում քննադատում է բոլորին. քննադատում է Հռոմի պապին, քննադատում է Եվրապառլամենտին, որը ներկայացնում է 28 երկիր, քննադատում է Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, շատ ուրիշ երկրների»։

«Կարծեմ ավելի հեշտ կլինի Թուրքիային մի հայտարարություն անել՝ քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, միջազգային հանրությունը՝ այն բանի համար, որ միջազգային հանրությունը, աշխարհը խոսում են լեզվով, որը իրենք չեն հասկանում», - շարունակեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը. - «Բայց եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով, և դու չես հասկանում դա, ուրեմն պետք է մտածես՝ սխալը միգուցե քո մեջ է»։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող տարբեր պետությունների ղեկավարների, օրենսդիր մարմինների՝ նախորդ օրերին արված հայտարարություններին հաջորդեցին պաշտոնական Անկարայի քննադատությունները. Թուրքիան առանձին-առանձին հայտարարություններով դատապարտեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները։

Միաժամանակ, չնայած խիստ քննադատությանը, Թուրքիան հետ չկանչեց իր դեսպաններին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ինչպես արել էր Վատիկանի և Ավստրիայի պարագայում։

Ասուլիսի ընթացքում Նալբանդյանը անդրադարձավ նաև Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Արձագանքելով հարցին, թե ի՞նչ սպասումներ ունի առաջիկա մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովից՝ Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Արևելյան գործընկերության նախորդ՝ վիլնյուսյան գագթնաժողովում Երևանն ու Բրյուսելը ընդունել էին համատեղ հայտարարություն, ըստ որի կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը բոլոր այն ուղղություններում, որոնք չեն հակասում ԵՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

«Դրա մասին մենք վերահաստատեցինք նաև հունվար ամսին՝ այս տարվա, երբ որ Հայաստան և Եվրամիություն խորհրդի նիստն էր կայանում Բրյուսելում, և դրա մասին, մենք վստահ ենք, որ պետք է հաստատենք նաև Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ», - ասաց Նալբանդյանը։

Եվրամիություն - Հայաստան հարաբերություններից խոսեց նաև Բելգիայի փոխվարչապետը՝ հայտարարելով, որ Եվրամիության հետ պայմանավորվածությունները չեն նշանակում հարաբերությունների խզում, օրինակ, Ռուսաստանի կամ ասիական երկրների հետ:

Դիդիե Ռեյնդերսը Երևանում քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարը, նրան այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ապրիլի 29-ին Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG