Մատչելիության հղումներ

Նոր ծրագրի շրջանակում մանկատների 80 սաներ տեղափոխվելու են խնամատար ընտանիքներ


Նոր ծրագրի շրջանակում մանկատների 80 սաներ տեղափոխվելու են խնամատար ընտանիքներ
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Շուրջ տասը տարի ի վեր Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ ջանում է բեռնաթափել մանկատները՝ սաներին տեղափոխելով խնամատար ընտանիք:

Save the children կազմակերպությունն այսօր նոր ծրագիր է սկսում, թեպետ ավելի վաղ իրականացված փորձնականը, մեղմ ասած, ցանկալի արդյունքը չէր տվել․ ընդամենը 20 խնամատար ընտանիք էր ստեղծվել, և այդ թիվը հետագայում այդպես էլ չավելացավ:

«Նոր ծրագրի շրջանակում Save the children-ը փորձելու է 80 երեխայի կրկին մանկատնից ընտանիք տեղափոխել», - «Ազատության» հետ զրույցում ասաց կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը՝ շեշտելով, որ սա ևս անցումային ծրագիր է և «բարդ իրագործելի»․ - «Պետք բոլոր ներգրավված կառույցները բավականին զգույշ լինեն, որովհետև երեխաների ճակատագրեր են ներգրավված: Բավական բարդ գործընթաց է լինելու: Մենք պիտի ապահովենք առաջին հերթին ենթակառուցվածքը: Պիտի հասկանանք արժեքը․․․ Երկարաժամկետ առումով ավելի մատչելի է լինելու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, քան ներկա համակարգն է տրամադրում: Սակայն, որպեսզի այդ անցումը կատարենք, առաջնային ավելի մեծ ներդրումի կարիք է լինելու»:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն դեռ անցած տարի «Ազատությանն» ասել էր, որ մանկատների բեռնաթափման փորձնական ծրագիրը շարունակելու համար ՄԱԿ-ը պատրաստվում է 3.5 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին: Այսօր, սակայն, ծրագրի պատասխանատուները դժվարանում են հստակ թվեր նշել՝ պատճառաբանելով, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը որոշել է կրճատել որոշ ծրագրերի ֆինանսավորումը:

«Մենք փորձում ենք նաև քննարկել խնդիրը մեր այլ դոնորների և գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է հավելյալ ռեսուրսներ ներգրավել», - նշեց Արսեն Ստեփանյանը:

Իսկ ռեսուրսներն ու դրանց ճիշտ բաշխումը այստեղ էական նշանակություն ունեն: Դեռ նախորդ ծրագրի ժամանակ խնամատար ծնողները բողոքում էին, որ պետության տված գումաները չեն բավարարում, և իրենք չեն հրաժարվում երեխաներից՝ միայն երկրորդ անգամ նրանց սթրեսի չենթարկելու համար:

Միջազգային փորձագետ, խնամատար ծնող Բեփ ֆան Սլոթենը կիսում է հայ ծնողների այս մտահոգությունը: Ըստ նրա, գործն ավելի է բարդանում թերի օրեսնդրության ու ռազմավարության բացակայության պատճառով․ - «Քանի դեռ կառավարությունը չի ներդնում լավ գործող համակարգ, խնամատար ընտանիքների ինտսիտուտը Հայաստանում չի կայանա»:

Նրա խոսքով, եթե ավելի վաղ նույնատիպ ծրագիրը էական արդյունքներ չի տվել, կառավարությունը տարիներ շարունակ քայլեր չի ձեռնարկել խնամատաների ինստիտուտ ամրապնդելու ուղղությամբ, ի՞նչ հույսեր կան, որ այս անգամ միջազգային գումարները կծախսվեն նպատակային:

«Save the children-ը պատահական չէ, որ հենց այդպես է կոչվում՝ փրկենք երեխաներին», - ասում է Սլոթենը: - «Նրանք շատ խիստ են և հետևողական, կշարունակեն այնքան ժամանակ, մինչև բոլորը հասկանան, որ երեխայի համար ավելի լավ է լինել ընտանիքում»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում անցած շաբաթ քննարկում էր այս թեմայով: Պետությունն այսօր տարեկան 13 միլիոն դոլար է ծախսում մանկատների և հատուկ դպրոցների վրա: Մինչդեռ մասնագետները վստահեցնում են, որ եթե այդ գումարները ուղղվեն խնամատար, խնամակալ ընտանիքներին, նվազագույնը կունենանք հաջողված ծրագիր, առավելագույնը՝ երջանիկ ընտանիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG