Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին Վրաստանը կներկայացնի խորհրդարանի փոխխոսնակը


Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձե, արխիվ
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձե, արխիվ

Ըստ վրացական «Ռեզոնանսի» թերթի, Թբիլիսիի՝ բարձր մակարդակով մասնակցությունը կնեղացնի Թուրքիային և Ադրբեջանին։

Նախօրեին պաշտոնական Թբիլիսին որոշեց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ներկայանալ խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով։ Մանանա Կոբախիձեն Հայաստան - Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարն է։

Ըստ վրացական լրատվամիջոցների, նույն օրը Թուրքիայում անցկացվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Վրաստանը կներկայացնեն պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

Մինչ այդ, վրացական մամուլը ակտիվորեն քննարկում էր, թե Հայոց ցեղասպանությունը չճանաչած Թբիլիսին ինչպես պետք է ներկայանա հարևան Հայաստանում սպասվող հիշատակի միջոցառումներին։

Վրացական «Ռեզոնանսի» թերթը, անդրադառնալով թեմային, գրում է, թե Վրաստանի համար այդ այցելությունը կրկնակի նուրբ է. բարձր մակարդակով մասնակցությունը կնեղացնի Թուրքիային և Ադրբեջանին, բացի այդ՝ Երևանում կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ու այդ դեպքում նա կարող էր հանդիպել վրացական պատվիրակությանը։

Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն թերթի հետ զրույցում ասել է, թե այդ հարցում Վրաստանը պետք է մեծ զգուշավորություն դրսևորի։ Քաղաքագետի կարծիքով՝ պատվիրակություն պետք է մեկնի Երևան, սակայն վարչապետի` ներկա չգտնվելու դեպքում Երևանում չպետք է քննադատաբար վերաբերվեն։

Ըստ Ցինցաձեի, Ղարիբաշվիլին կարող էր գնալ մի դեպքում՝ եթե նախապես դիվանագիտական աշխատանք տարվեր Երևանում Պուտին - Ղարիբաշվիլի հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ «Դա կլիներ բացառիկ հնարավորություն», - ընդգծել է վրացի քաղաքագետը։

«Այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրության օրոք՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո, իսկապես մեծ ողբերգություն է», - ասել է քաղաքագետը՝ շարունակելով. - «Գրեթե ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այդ փաստը գնահատում է որպես Ցեղասպանություն։ Սակայն բացի բարոյական պարտականություններից գոյություն ունի նաև պետության ազգային շահ։ Եթե մենք հասկանալով ենք մոտենում այն հարցին, որ Հայաստանը, ելնելով իր ազգային շահերից, փորձում է լավ հարաբերություններ ունենալ և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ, և՛ միանում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա հայաստանյան ղեկավարությունն էլ պետք է հասկանա այն փաստը, որ Վրաստանը չի կարող գրգռել իր համար կարևոր հարևաններին՝ Ադրբեջանին և Թուրքիային»։

«Երևան պետք է ուղարկել պատվիրակություն, սակայն չպետք է լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ», - ընդգծել է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարը՝ հիշեցնելով, որ «վրաց ժողովուրդն իր բարոյական պարտքը կատարել է հայ ժողովրդի առաջ՝ ապաստան է տվել Ցեղասպանությունից փրկվածներին»։

Հիշեցնենք՝ Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես էր եկել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով, ինչը բավական բուռն քննարկումների տեղիք էր տվել պատգամավորների շրջանում։ Բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը բաց տեքստով հայտարարեց, թե Վրաստանի խորհրդարանը չի պատրաստվում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG