Մատչելիության հղումներ

Պուտին. «Ես իմ երկրի մասն եմ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ հեռուստաեթերում պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին, 16-ը ապրիլի, 2015թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ հեռուստաեթերում պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին, 16-ը ապրիլի, 2015թ․

Ռուսաստանի նախագահը ամփոփում է երկիրը ղեկավարելու 15 տարիները:

Այս կիրակի` ապրիլի 26-ին «Ռոսիա-1» հեռուստածրագիրը հեռարձակելու է «Նախագահը» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Պուտինի կողմից առաջին անգամ Կրեմլի ղեկավարությունը ստանձնելու 15-ամյակին։

Վլադիմիր Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականի մարտի 26-ին, իսկ պաշտոնամուտի արարողությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին։

Ֆիլմի առանցքը լրագրող Վլադիմիր Սոլովյովին Ռուսաստանի նախագահի տված ընդարձակ հարցազրույցն է, որից մի քանի հատված արդեն տարածվել է համացանցում։ Միջազգային բարդ կացության և երկրի տնտեսական հետընթացի պայմաններում միևնույն է շատ բարձր վարկանիշ վայելող Ռուսաստանի ղեկավարը խոսել է և՛ արտաքին մարտահրավերների, և՛ ներքին խնդիրների մասին։

Պուտինի հավաստմամբ՝ արևմտյան աշխարհը Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք է դրսևորում միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը ծանր կացության մեջ է և օգնության կարիք ունի։ «Այդ ժամանակ նրանք մեզ կարող են կարտոֆիլ ուղարկել»,- հեգնանքով ասում է նա ֆիլմում։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ռուսաստանցիներն էլ Խորհրդային Միության փլուզումից հետո անհիմն պատրանքներ են տածել, հավատացել են, թե կոմունիստական գաղափարախոսության անհետացմամբ կվերանա անջրպետը, որը բաժանել է Խորհրդային Միությունն ու մնացած քաղաքակիրթ աշխարհը։

Սակայն, նրա համոզմամբ, գործնականում Արևմուտքը չի ցանկանում Ռուսաստանը տեսնել հավասար երկիր։ «Կան աշխարհքաղաքական շահեր, որոնք գաղափարախոսության հետ ընդհանրապես կապ չունեն։ Աշխարհում մի պահ մտածել են, թե Ռուսաստանն ուր որ է ընդհանրապես կկազմաքանդվի, իրենց միայն հետաքրքրել է, թե դա երբ կլինի և ինչ հետևանքներ կունենա», - ասել է Ռուսաստանի նախագահը ֆիլմում, որը կցուցադրվի ապրիլի 26-ին։

Նա հայտարարել է նաև, թե ժողովրդի հետ շփումների ժամանակ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների կարիք չունի: «Ինձ դա պետք չէ որոնել, նույնիսկ չգիտեմ, թե ինչու, դժվարանում եմ ասել, ես պարզապես ինձ այս երկրի, այս ժողովրդի մաս եմ զգում», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ռուսաստանը ղեկավարելու 15 տարիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG