Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նիստ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարություն ընդունելու համար


Հայաստանի Ազգային ժողովի նիստ, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի նիստ, արխիվ

Խորհրդարանականներն ակնկալում են, որ փաստաթուղթը կընդունվի միաձայն:

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ընթացքում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որը աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում պաշտոնապես ճանաչել և դատապարտել ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ փաստաթուղթը միաձայն կընդունվի խորհրդարանի կողմից։

«Մենք կողմ ենք քվեարկելու, շատ կարևոր կոչ է, որ 100-րդ տարելիցի նախաշեմին իսկապես մենք էլ դիմենք բոլոր աշխարհի և՛ Ազգային ժողովներին, պառլամենտներին, տեղական կառավարման մարմիններին», - ասաց Պողոսյանը:

Հայտարարությամբ պատգամավորները նաև երախտագիտություն կհայտնեն բոլոր խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը։

Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնմանը, այլև անվտանգության ապահովմանն ուղղված քայլ է։

«Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը առաջին հերթին անվտանգության բաղադրիչ է իր մեջ պարունակում, որ չի կրկնվելու նման գործողությունը, կամ անգամ եթե նման կանխավարկած կարող է լինել, ապա միջազգային հանրությունը իր պաշտպանական մեխանիզմները պետք է գործադրի՝ կանխարգելիչ գործողությունները», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մինասյանը՝ հավելելով․ - «Այլ կերպ ասած՝ սա անվտանգության կարևոր բաղադրիչ է»:

Արծվիկ Մինասյանը նաև արձագանքեց տեղեկատվությանը, որ Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է ապրիլքսանչորսյան բանաձևում օգտագործել ցեղասպանություն բառը՝ բնորոշելով օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը։ Ըստ դաշնակցական պատգամավորի՝ 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի երկրները դարձել են ավելի վճռական այս հարցում։

«Նկատի առնելով այն հանգամանքը, որ Բունդեսթագը արդեն մեկ անգամ իր բանաձևում նկարագրել է բոլոր այդ դեպքերը, և, ըստ էության, միայն զուտ բառի օգտագործման խնդիր էր դրված, ես կարծում եմ, որ մեծ է հավանականությունը, որ, այո, կօգտագործի ցեղասպանություն եզրույթը», - նշեց նա:

Իսկ Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը չի փոխվի Գերմանիայի խորհրդարանի նախնական մտադրությունը։

«Հուսանք, որ Հռոմի պապի պատարագից հետո և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո իսկապես եվրոպական երկրները կհետևեն այդ նաև հենց իրենց խորհրդարանի կոչերին», - ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG