Մատչելիության հղումներ

Հազարավոր հայաստանցիներ սպասում են ՌԴ մուտքի արգելքի վերացմանը


Հազարավոր հայաստանցիներ սպասում են ՌԴ մուտքի արգելքի վերացմանը
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող հազարավոր հայաստանցիների առջև այդ երկիրը դռները կբացի հաջորդ տարվանից։

Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքով բավական խստացվել է մուտքը երկիր, մասնավորապես 2013 թվականից անգամ մի քանի ռուբլու տուգանք ունեցած անձինք երեք տարով զրկվել են ՌԴ մուտք գործելու հնարավորությունից։ Շատերի համար այդ երեք տարվա արգելանքը կլրանա հաջորդ տարի, բայց բազմաթիվ մարդիկ կան, ովքեր դատական ճանապարհով են արտաքսվել կամ վարչական վտարման ենթարկվել։ Նրանց մուտքը արգելվել է 5 տարի ժամանակով։

Հայաստանի միգրացիոն ծառայությունն անցած տարվանից արգելանքի տակ հայտնվածներից դիմումներ է ընդունում, դրանք ուղարկում է Ռուսաստանի միգրացիոն ծառայություն՝ արգելքները վերանայելու խնդրանքով: Շիրակի մարզպետարանն արդեն շուրջ 2800 դիմում է ուղարկել Ռուսաստան: Դրանցից 300-ին դրական են պատասխանել, մոտ 1000 քաղաքացու մերժել են: Այնուհանդերձ, արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողները շարունակում են դիմումներ գրել՝ ակնկալիքով, որ արգելանքն հնարավորինս շուտ կվերացնեն: Պատասխանը, սակայն, լինելու է առնվազն 1-2 ամսից:

Այսօր «սև ցուցակում» հայտվածներից մի կին իր անունը գտավ դրական պատասխանների մեջ:

«Զապրետը դրված էր մեր ընտանիքի բոլոր անդամների վրա։ Ես անցած տարի գնացի, Լարսից հետ դարձրին, որովհետև երեք ամիս ես միգրացիոն քարտ չեմ ունեցել։ Հետ եմ եկել ու դրա պատճառով տուժվել եմ, էսքան ժամանակ մնացել եմ Հայաստանում։ Ես էնտեղ աշխատանք ունեի, ամուսինս ներկա պահին աշխատում է, եթե գնամ, նորից կաշխատեմ»,- ասաց կինը։

Շատերն այդպես էլ իրենց անունները մի քանի ցուցակներում փնտրելով չգտան, իսկ դա նշանակում է, որ արտագնա աշխատանքով ապրուստ վաստակող այդ ընտանիքները հայտնվել են սոցիալական ծանր վիճակում:

Համայնքապետարանները ևս շահագրգիռ են, որ արտագնա աշխատանքի մեկնողների առջև դռները հնարավորինս շուտ բացվեն, քանի որ հակառակ դեպքում բացասական հետևանքները զգալի կլինեն նաև համայնքների համար: Մարալիկի քաղաքապետը այսօր ևս Շիրակի մարզպետարանում էր՝ ճշտելու, թե Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը քանի մարալիկցի խոպանչու արգելանք է վերացրել։

«Մարդիկ վաստակելու հնարավորությունը կարողանում են դրսում կազմակերպել և այդ գումարները ուղարկում են համայնք և իրենց ընտանիքները ծախսերը տեղում հոգում են։ Դա նպաստում է քաղաքի հնարավորությունների ճիշտ կարգավորմանը»,- ասաց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը։

Մարզպետարանում մարզի գրեթե բոլոր գյուղերից ու քաղաքներից արգելանքները վերացնելու դիմումներ կան: ՌԴ միգրացիոն ծառայությունից հայկական կողմին տեղեկացրել են, որ դատական ճանապարհով արտաքսված կամ վարչական վտարման ենթարկված մարդկանց դիմումները չեն էլ քննարկի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG