Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի չորս երկրի նախագահ


Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի չորս երկրի նախագահ
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները:

Միջոցառումների համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ՝ ավելի քան 60 միջազգային պատվիրակություններ են ներկայանալու ոգեկոչման արարողությանը։

«Գալիս են որպես իրենց պետության և նախագահի ներկայացուցիչ։ Հանրապետության նախագահին ուղղված նամակներում բազմաթիվ ղեկավարներ նշել են, որ «Հայոց ցեղասպանությունը մեր ընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության 100-րդ տարելիցն է», և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով»,- ասաց Սարգսյանը։

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի երեք դաշնակիցներից միայն Ռուսաստանն է, որ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով է մասնակցելու ապրիլքսանչորսյան միջոցառմանը:

«Ղազախստանում այդ օրերին նախագահական ընտրություններ են, և մենք այնտեղից պատվիրակություն չենք սպասում։ Բելառուսը ներկայացված է պետական մակարդակով, բայց ով կոնկրետ, հիմա դժվարանում եմ պատասխանել, ցուցակը չունեմ ձեռքիս տակ»,- նշեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա Վիգեն Սարգսյանը կրկնեց դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը, թե Վաշինգտոնը ներկայացնող պատվիրակության կազմը նշանակելու է անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման.- «Մեր մոտեցումը միշտ եղել է այն, որ մենք առաջինը որևէ մեկի մասնակցությունը չենք հաստատել, միշտ թողել ենք իրենց հայտարարելու դրա մասին»։

Այսպիսով, այս շաբաթ մեկնարկում են 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները։ Վաղը վերաբացվելու է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ եռապատկված ցուցադրական տարածքով ու նոր նմուշներով, ապրիլի 22-23-ը Երևանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որի շուրջ 500 մասնակիցներ նաև միասնական հայտարարություն են ընդունելու: Հարյուրամյակներ անց, ապրիլի 23-ին հայաստանյան եկեղեցին դարձյալ կիրականացնի սրբադասում, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հատուկ շարականից բացի պատրաստ է նաև սրբապատկերը։

«Ոչ թե անհատական, այլ հավաքական սրբադասում է, ուստի նկարվել է Սրբոց Նահատակաց սրբապատկերը, որը կօծվի այդ արարողության ընթացքում»,- ասաց արքեպիսկոպոսը։

System of a Down ռոք խմբի երևանյան համերգին կկարողանա մասնակցել 50 հազար մարդ, այնուհետև Հանրապետության հրապարակի մուտքը փակվելու է, իսկ ապրիլի 24-ի երեկոյան դարձյալ հրապարակում տեղի կունենա դասական մեծ համերգ՝ չորս տասնյակ երկրներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ, այստեղից էլ այնուհետև սկիզբ է առնելու ամենամյա ջահերով երթը:

Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձավ նաև ճարտարապետների քննադատությանը Ծիծեռնակաբերդի հուշամալիրի տարածքում կառուցված տաղավարի վերաբերյալ, վստահեցրեց, որ այն ժամանակավոր է, նախատեսված է հեռուստատեսային հեռարձակման համար, միջոցառումներից հետո ապամոնտաժվելու է։

«Որևէ խոսք չի կարող լինել այնտեղ մշտական կառույց ունենալու մասին։ Շատ ցավալի է, որ այս ծավալի միջոցառումների մեջ մարդիկ փորձում են օգնելու փոխարեն գտնել գայթակղիչ ինչ-որ թեմաներ աղմուկ բարձրացնելու համար»,- ասաց Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG