Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան. Պետք է մեկուսացնել ապրիլի 24-ին հանրահավաքի կոչ անողներին


Վահրամ Բաղդասարյան. Պետք է մեկուսացնել ապրիլի 24-ին հանրահավաքի կոչ անողներին
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00

Իշխող Հանրապետականի համոզմամբ, ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանից ու նրա 4 ընկերներից բացի պետք է մեկուսացնել նաև նրանց, ովքեր կոչ են անում ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնել։

«Հանրապետականը մտածում է, որ նման տիպի մարդկանց, որ անձնագրում հայի ազգանուն է ու մինչև ապրիլի 24-ը նմանատիպ վերաբերմունք են ցուցաբերում, դրանց բոլորին պետք է մեկուսացնել։ Եթե ունեն քաղաքական հայացքներ, ամսի 24-ից հետո հրապարակները բաց են, իրենց իշխանափոխության կոչերը, քննադատությունները, կարող են անել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ արձագանքելով «Հիմնադիր խորհրդարանի» երեկվա հայտարարություններին։

Չնայած իշխանությունների զգուշացումներին՝ «Հիմնադիր խորհրդարանը» շարունակում է պնդել, որ ապրիլի 24-ին փողոց են դուրս գալու։ Երեկ շարժումը հանրահավաք ու երթ անցկացրեց՝ կալանավորված առաջնորդներին ազատ արձակելու պահանջով։ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված նախագահ Գարեգին Չուքասզյանի եղբայրը՝ Լևոն Չուքասզյանը «Ազատության» հրապարակի հարթակից հայտարարեց՝ իր ընկերների փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է ճաղերի հետևում հայտնվեն։

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, իր ելույթում հայտարարեց, որ եղբայրն ու ընկերները ոչ միայն քաղաքական բանտարկյալներ են, այլ պատանդներ իշխանության ձեռքում։

«Այս հարթակից բոլոր սփյուռքահայերին կոչ եմ անում՝ եթե նրանք մեզ հետ այսպես են վարվել, մենք սկսելու ենք բոլոր դեսպանատների դիմաց մեր բողոք-ցույցը կատարել։ Արդեն իսկ Լոս Անջելեսում երեկ կատարվեց։ Մեր մայրերը չեն ծնել մեզ, որպեսզի մենք այսօր ստրուկների նման կյանք ապրենք։ Մեր մայրերը չեն ծնել մեզ, որ սրա-նրա ձեռքի մեջ խաղալիք դառնանք», - իր ելույթում ասաց Թորոս Սեֆիլյանը։

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը, հակադարձելով երեկվա ելույթներին, ասաց՝ դրանք իրենց չեն անհանգստացնում, ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի։

Իրավապահներն անցած շաբաթ ընդդիմադիրների տանը խուզարկությամբ մի շարք իրեր էին հայտնաբերել, այդ թվում՝ կենցաղային իրեր ու նյութեր, որոնց հիման վրա էլ կալանավորման որոշում էին կայացրել՝ պնդելով, թե Սեֆիլյանն ու ընկերները պատրաստվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանն այսօր ասաց՝ ինքը չէր մտահոգվի, եթե անգամ ազատազրկվածների տներում իրավապահները որևէ կասկածելի բան գտած չլինեին։

«Ինձ համար դրանք շատ մանր դետալներ են ու չի հետաքրքրում, նույնիսկ, եթե որևէ բան չհայտնաբերեին, ես իրավաբան չեմ, ես որպես հայ առանց որևէ բան հայտնաբերելու էլ, իրենց վարմունքի, վերաբերմունքի համար նրանց անմիջապես կմեկուսացնեի։ Իմ երկրի դարավոր երազանքի, նպատակների համար, որ կատարվում է միջացառում, նման խոչընդոտներ և սադրիչ գործողություններ կատարողներին ես անմիջապես կմեկուսացնեի», - ասաց Բաղդասարյանը։

Հանրապետականի ներկայացուցիչը պնդեց, թե իշխող կուսակցությունում համոզված են, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարն ու նրա ընկերները կառավարվում են դրսից, ենթադրաբար՝ Ադրբեջանից ու Թուրքիայից։ Որպես ապացույց, Բաղդասարյանը վկայակոչեց ադրբեջանական ու թուրքական մամուլի, իր ձևակերպմամբ՝ բարեկամական տոնայնությամբ գրված հոդվածները «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասին։

«Իրենց նպատակն այն է, որ ամբողջ աշխարհին ցույց տան, որ իրենք հայերի հետ չեն, և այդտեղ կա անհանդուրժողություն, այդ հարցի շուրջ չկա միասնականություն։ Չի կարող լինել նման բան։ Ամենքն իր տներում թող հացադուլ անեն», - ասաց նա։

«Ազատության» դիտարկմանը, թե ժողովրդավարական երկրում, ըստ Սահմանադրության, ցանկացած ոք ցանկացած ժամանակ խաղաղ հանրահավաք անելու իրավունք ունի, Հանրապետականի ներկայացուցիչն արձագանքեց. - «Խնդրում եմ ժողովրդավարության մասին մի խոսեք, մենք մեր ազգային արժեքն ունենք ու կան դետալներ, որ հարիր չեն մեր ազգին, մեր ժողովրդին։ Այն, ինչ վերաբերում է մեր ազգային նպատակներին, այդտեղ չի կարող ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ որևէ այլ բան ավելի բարձր դերակատարում ունենալ։ Այն, ինչը վերաբերում է մեր մենթալիտետին, որը մեր ազգային սովորույթներն են, մեր ազգային արժեքներն են, որը մենք դարերով ենք ձեռք բերել, չի կարելի ժողովրդավարության անունով մենք փչացնենք ու կորցնենք այդ ամենը»։

XS
SM
MD
LG