Մատչելիության հղումներ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է Ցեղասպանության թեմային


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ԵԽ պաշտոնական կայքէջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Մուժնիեկսը գրում է, որ ապրիլի 24-ին նշվում է 100-ամյա տարելիցը այն օրվանից, երբ սկսվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի զանգվածային սպանությունները, տեղահանությունները, ինչի արդյունքում Անատոլիայի հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվել են:

«Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը և դրա ցավոտ ժառանգությունը մեծ ճեղքվածք են առաջացրել երկու հասարակությունների միջև, որը կիզակետին է հասել՝ դրանց՝ որպես ցեղասպանության քաղաքական և իրավական գնահատմամբ», - հայտարարել է մարդու իրավունքների հարցով հանձնակատարը:

«Հայերի սպանդը և տեղահանությունը Օսմանյան իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտում էր», - ընդգծում է հանձնակատարը՝ հարց բարձրացնելով․ - «Արդյո՞ք սա նախապատրաստողները և հենց հանցագործությունները դատապարտվում են, թե՞ անտեսվում են, արդարացվում և նույնիսկ, փառաբանվում»:

Միևնույն ժամանակ, Նիլս Մուժնիեկսը ողջունել է փոխըմբռնմանն ուղղված քաղաքացիական հասարակության բոլոր քայլերը, նշել, որ չնայած բաժանարար գծերին հայ և թուրք հասարակությունները փորձում են հաղթահարել ցավոտ անցյալը, նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանն ու ընդհանուր պատմության վերականգնմանը՝ դրսևորելով մարդու իրավունքների իրական ոգի:

Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը նկատել է տվել, որ Թուրքիայում քննարկումները, որը երկար տարիներ տաբու է եղել. անգամ քրեական հետապնդում էր իրականցվում այսպես կոչված ՝ թուրքական ինքնությունը վիրավորելու համար, սակայն վերջին տարիներին շատ հազվադեպ կարելի է հանդիպել այդ երևույթին, ինչը պայմանավորված է հայերի և թուրքերի միջև ավելի հաճախակի դարձած շփումներով, ինչպես նաև Թուրքիայի ներքին քաղաքականությամբ և մշակութային զարգացմամբ: Մուժնիեկսը նշել է նաև, որ չնայած ցամաքային սահմանը փակ է, երկու երկրների քաղաքացիները համեմատաբար ազատ այցելում իրար. նա մատնանշել է պաշտոնական թվեր. 2000 թվականին Թուրքիայում հայերի թիվը կազմել է մոտ 5500, իսկ 2013 թվականին՝ ավելի քան 73,000:

Միաժամանակ, Թուրքիայում բանավեճը անցյալի վերաբերյալ ավելի ակտիվացել է. շրջադարձային էր Ստամբուլում 2005 թվականին կազմակերպված գիտաժողովը, որից հետո Թուրքիայում հրատարակվել են հայկական ժառանգության մասին բազմաթիվ աշխատություններ: Բանավեճի գագաթնակետը համընկավ 2007 թվականին թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետ, ինչը հանգեցրել է անցյալը վերաիմաստավորելու և հանդուրժողականության: Դրա վկայությունն էր 2008 թվականին թուրք մտավորականության կազմակերպած ստորագրահավաքը՝ որին մասնակցելով հազարավոր մարդիկ ներողություն էին հայցում հայերից:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն իր ուղերձն ամփոփել է հետևյալ խոսքերով․ - «Այժմ, երբ մոտենում է հարյուրամյակը, իմ համերաշխությունն եմ հայտնում ոչ միայն զոհերին և նրանց ժառանգներին, այլև քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, գիտնականներին, լրագրողներին, արվեստագետներին և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, ովքեր փորձում են առաջ տանել փոխադարձ ըմբռնման և անցյալի ծանր ժառանգության վերաիմաստավորման գաղափարը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG