Մատչելիության հղումներ

Պատգամավորի ծեծի գործով մեղադրյալը պատրաստ է կրկին ծեծել նախագահին վիրավորողներին


Պատգամավորի ծեծի գործով մեղադրյալը պատրաստ է կրկին ծեծել նախագահին վիրավորողներին
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին դիտավորյալ ծեծի ենթարկելու համար մեղադրվող Արշակ Սվազյանը, այսօր հենց դատարանի շենքի առաջ պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց որ չի զղջում և անկախ պատժաչափից պատրաստ է կրկին բռնություն գործադրել նրանց նկատմամբ, ովքեր կվիրավորեն իր նախագահին։

«Այո՛, որովհետև ինքը իմ գերագույն հրամանատարն ա, ինքը իմ նախագահն ա, իմ նախագահին ով հայհոյի, նորից նույնը կլինի...»,- ասաց Սվազյանը։

Արաբկիրի դատարանում այսօր սկսվեց Մանուկյանի դեմ բռնության գործով դատաքննությունը, նիստի մեկնարկին տուժողն ու նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկ հայտնեցին դատախազին՝ պնդելով, թե նախաքննության ընթացքում անտեսվել է ծեծի պատվիրված լինելու վարկածն ու, ըստ էության, արվել ամեն ինչ, որպեսզի Արշակ Սվազյանից բացի ամբաստանյալի աթոռին այլ մարդիկ չհայտնվեն։

«Ամբողջ մամուլը, ինչպես նաև տուժող կողմը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ սա քաղաքական հաշվեհարդար է, կազմակերպված հանցագործություն է, իսկ մամուլում հնչել են կոնկրետ անուններ։ Դատախազը որևէ անգամ հանձնարարություն չի տվել ստուգելու այդ հանգամանքները»,- ասաց Խաչատրյանը։

Բացարկին դեմ արտահայտվեց ոչ միայն դատախազն, այլև ամբաստանյալն ու նրա պաշտպանը։ Պատգամավոր Արամ Մանուկյանը տարակուսեց՝ նշելով, որ առաջին անգամ է տեսնում երբ ամբաստանյալը համակարծիք է իրեն մեղադրող դատախազի հետ, ինչը վկայում է նրանց սերտ համագործակցության մասին։

«Ամբաստանյալի փաստաբանը պաշտպանում է իրեն մեղադրող կողմից։ Ես սա համարում եմ տարօրինակ ներդաշնակ համագործակցություն»,- ասաց պատգամավորը։

Նիստը նախագահող դատավորը մերժեց տուժող կողմի միջնորդությունը։ Ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալ Սվազյանը ազդվել է՝ «Յութուբ»-ում տեսնելով, թե ինչպես է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայհոյում նախագահ Սերժ Սարգսյանին ու հայրենասիրական մղումներով, թողնելով ամեն բան, Ռուսաստանից վերադարձել Հայաստան, թաքնվել պատգամավորի շենքի մուտքում ու բռունցքով հարվածել դեմքին։ Ըստ դատաբժշկի՝ Արամ Մանուկյանին պատճառվել է թեթև մարմնական վնաս, ինչի համար ամբաստանյալին սպառնում է 50-80 հազար դրամի տուգանք կամ առավելագույնը 2-ամսյա կալանք։

Ամբաստանյալի պաշտպանն իր հերթին միջնորդեց դատավարությունն անցկացնել արագացված կարգով, քանի որ Արշակ Սվազյանը լիովին ընդունում է իր հանցանքը։ Արամ Մանուկյանի առարկեց՝ պնդելով, թե այդ կերպ շատ մանրամասներ այդպես էլ չեն պարզվի։

«Շարունակեք դատական նիստը, և մենք կապացուցենք, որ սա կազմակերպված հանցագործություն է և կբերենք հիմնավոր փաստարկներ»,- ասաց Մանուկյանը։

Դատավորն, ընդունելով առարկությունները, մերժեց պաշտպանվող կողմի միջնորդությունն ու սկսեց ամբաստանյալի կենսագրության վերաբերյալ հարցեր ուղղել վերջինիս։ Արշակ Սվազյանը, պատասխանելով հարցերին, նշեց, որ նախկինում դատվածություն չի ունեցել, ինչը զարմացրեց դատավորին։

«Լա՞վ եք հիշում, հաստատ դատվա՞ծ չեք եղել։ Եթե չեմ սխալվում, 2012 թվականին մաքսանենգության համար»,- հիշեցրեց դատավորը։

Ամբաստանյալը ստիպված եղավ խոստովանել, որ մաքսանենգության համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, ավելին՝ այդ որոշումը բողոքարկել է Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, ավելի ուշ համաներմամբ ազատվել է պատժի կրումից։

Այսօրվա նիստն այսքանով ավարտվեց։ Պատգամավորին ծեծած ու նոր բռնությունների սպառնալիքներ հնչեցնող ամբաստանյալի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս անց։

XS
SM
MD
LG