Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պետք է հայերի ցեղասպանությունն իր անունով կոչի․ «Լոս Անջելես Թայմս»


Արտապատկերում «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագարկան հոդվածից, 14-ը ապրիլի, 2015թ․
Արտապատկերում «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագարկան հոդվածից, 14-ը ապրիլի, 2015թ․

Ամերիկյան հեղինակավոր «Լոս Անջելես Թայմս» պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է հայերի Ցեղասպանության թեմային:

«ԱՄՆ-ն պետք է հայերի ցեղասպանությունն իր անունով կոչի» խորագրով երեկ հրապարակված հոդվածում նշվում է, որ կիրակի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համարձակ քայլ է կատարել՝ պատարագ մատուցելով 1.5 միլիոն հայերի սպանդի 100-րդ տարելիցի կապակցությամբ, այնուհետև կոչել է այդ սպանդը իր անունով՝ Ցեղասպանություն:

Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է օրինակ վերցնի Հռոմի պապից և ներառի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում, որը նվիրված է լինելու մեկ դար առաջ տեղի ունեցած սպանդին:

«Տևական բարեկամությունը պահանջում է նման ազնվություն», - ընդգծում է «Լոս Անջելես Թայմս»-ը:

«Չնայած Բարաք Օբաման, որպես նախագահի թեկնածու խոստացել էր «ճանաչել հայերի ցեղասպանությունը», եթե դառնար նախագահ, մինչև այսօր, ինչպես իր նախորդները, իր ամենամյա ուղերձներում խուսափել է այդ չափազանց ակնհայտ բառն օգտագործելուց՝ դատապարտելով ընդամենը «Մեծ Եղեռնը», ինչպես այն անվանում են հայերենում: Առավելագույնը, որ նախագահն արել է, դա այդ սպանությունները «սարսափ» կոչելն էր՝ վերահաստատելով ԱՄՆ-ի կառավարության հավատարմությունն այն սկզբունքին, որ «նման վայրագությունները պետք է միշտ հիշվեն, եթե ուզում ենք, որպեսզի դրանք այլևս երբեք չկրկնվեն», - նշում է պարբերականը:

Բայց ինչպե՞ս է հնարավոր հիշել, եթե չես ճանաչում փաստերը, հարց է բարձրացնում պարբերականը:

«Ռազմավարական տեսանկյունից ԱՄՆ-ի աջակցությունը և զենքը պետք են Թուրքիային, այնքան, որքան ԱՄՆ-ին պետք է իր ներկայությունը տարածաշրջանում (ներառյալ՝ Ինջիրլիքի մոտ օդուժի իր բազան): Սա փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերություն է, և մենք հուսով ենք, որ այն չի վտանգվի ճշմարտության հաշվին: Ճիշտ է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շատ կարևոր են և խրախուսման և պահպանման արժանի, բայց՝ ոչ պատմության ժխտման գնով», - նշում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ մի ամբողջ դար է՝ Օսմանյան կայսրության զանգվածային սպանություններից հետո, Թուրքիան շարունակում է հերքել փաստագրված պատմական իրողությունն այն մասին, որ պատասխանատու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության համար:

«Թուրքիան հերքելով և իր երկերեսանի տեսակետով ավելի է ծանրացնում այդ հանցագործությունը (Թուրքիան պնդում է, որ հայերը սպանվել են քաղաքացիական պատերազմում և որ բազմաթիվ թուրքեր էլ սպանվել են հայերի կողմից)», - գրում է պարբերականը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը ևս իր մեղքի բաժինն ունի Թուրքիայի ժխտողականության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG