Մատչելիության հղումներ

Նարեկացուն ճանաչեց քրիստոնյա ողջ աշխարհը


Նարեկացուն ճանաչեց քրիստոնյա ողջ աշխարհը
please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00

Երեկ տեղի ունեցած աննախադեպ իրադարձության՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի ընթացքում կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ Տիեզերական վարդապետի կոչմանն արժանացավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր մեծագույն այրերից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այս քայլը պատարագի ավարտին հնչեցրած իրենց խոսքում շատ բարձր գնահատեցին Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները: Մասնավորապես, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ասաց․ - «Աղոթուսույց ու տիեզերալույս Սուրբ Գրիգոր Նարեկացին 10-րդ դարում մարդկային բոլոր սերունդների ապաշխարության և խոստովանության աղերսը՝ որպես ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո, երկինք բուրվառեց: Սուրբ վանականը հայոց համար պաշտելի իր շնչավոր մատյանով քրիստոսաշնորհ փրկության ուղին ցույց տվեց մեղավորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին՝ դեպի Աստված առաջնորդելով բոլոր ժամանակների հավատացյալներին»:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ է նշանակում կաթոլիկ եկեղեցու այդ կոչումը, որին իր երկրային կյանքից հետո 1000 տարի անց արժանացավ Սուրբ Գրիգոր Նարեկացին․ - «Գրիգոր Նարեկացին կաթոլիկ եկեղեցու դոկտոր է հռչակվում, և կաթոլիկ եկեղեցին այսուհետ իր հավատքի և բարոյականության հարցերի շուրջ կարող է հղում կատարել Սուրբ Գրիգոր Նարեկացու գործերին»:

Ի դեպ, կաթոլիկ եկեղեցու այս բարձրագույն կոչմանը քրիստոնեության ընդունումից ի վեր 35 հոգի են արժանացել, Սուրբ Գրիգոր Նարեկացին 36-րդ է:

Երեկ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագին ներկա էր և Մաշտոցի անունը կրող մեր ձեռագրատան՝ Մատենադարանի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը: Նրա գիտական ողջ գործունեությունը հիմնականում նվիրված է եղել Նարեկացու «Մատյան»-ի և մյուս երկերի ուսումնասիրությանը:

«Դա մի հրաշափառ արարողություն էր, հարիր Գրիգոր Նարեկացուն և նրա գրական ժառանգությանը: Եվ կարծում եմ, մեծ տոն էր ամբողջ քրիստոնյա աշխարհի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թամրազյանը:

Նա ընդգծեց, որ այս գործին մեծապես նպաստել են նաև հայագետներն ու թարգմանիչները․ - «Այն, ինչ կոնկրետ կատարվեց վերջին տարիներին, ես համարում եմ վճռորոշ, որովհետև Ժան-Պիեռ Մահեյի թարգմանությունը, որ շատ խոր թարգմանություն է, նորագույն գիտելիքների ձեռքբերումով: Քանի որ դրան նախորդել էր նաև իր աշխատասիրությունը Գրիգոր Նարեկացու մասին, որտեղ ի մի են բարվել նարեկացիության նվաճումները, թարգմանվեց ֆրանսերեն և մտավ ողջ քրիստոնեական հայրաբանական ժառանգության մեջ: Դրանից հետո նաև կազմակերպվեցին միջազգային գիտաժողովներ կապված «Մատյան ողբերգության» երկի հազարամյակի հետ, նաև՝ Հռոմի պապի հովանավորությամբ: Եվ այս գործընթացը, որ սկսվել էր տասը տարի առաջ, գուցեև տասնհինգ տարի առաջ, պսակվեց նման հաջողությամբ: Ճանաչեց քրիստոնյա ողջ աշխարհը Նարեկացուն: Վիլյամ Սարոյանի կանխատեսումը իրականացվեց, որ՝ ողջ աշխարհը մի օր կճանաչի Գրիգոր Նարեկացուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG