Մատչելիության հղումներ

Հայաստանում օրգանական սնունդ աճեցնելը շահավետ չէ


ՍԱՊԾ ներկայացուցչի խոսքով, օրգանական սնունդը թանկ է, բնակչությունը՝ աղքատ:

Հայաստանում օրգանական՝ առանց քիմիկատների, հավելումների ու աճը խթանող նյութերի սնունդ աճեցնելը ձեռնտու չէ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ներկայացուցիչ Վահե Դանիելյանն ասում է, թե այդպես ինքնարժեքը բարձր է ստացվում, իսկ բնակչությունը գնողունակ չէ:

«Վերջնական արտադրանքն է ավելի թանկ լինում ինքնարժեքով, դա բավականին աշխատատար պրոցես է ու ելնելով նրանից, որ մարդկանց գնողնունակությունն այնքան բարձ չէ, որ մարդիկ կարողանան իրենց թույլ տան․․․Նաև այս տրամաբանությունը կա», - ասաց Դանիելյանը:

Պաշտոնյան, սակայն, հավաստիացնում է, որ իրենք ուսումնասիրում են շուկան և կարող են պնդել, որ բանջարեղենում քիմիական նյութերը չեն գերազանցում թույլատրելիի սահմանը:

«Համենայնդեպս աշխատել ենք գոնե մինիմալ պատկերը ունենանք, շեղումներ չեն եղել, որը որ մեզ համար մտահոգության պատճառ կարող էր հանդիսանալ: Շեղման մեծ ցուցանիշներ չենք ունեցել», - ընդգծեց պաշտոնյան:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն, ծառայության այս հայտարարությունը արժանահավատ չի համարում։

«Անգամ զարգացած երկրները, երբ ուսումնասիրում են, ինչ-որ մեկի մոտ անպայման խնդիր հայտնաբերում են: Եթե մարդիկ ուսումնասիրություն են անում ու ոչինչ չեն հայտնաբերում, դա նշանակում է իրենք չգիտեն՝ ոնց են հայտնաբերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պիպոյանը:

Միրգ-բանջարեղենում առկա քիմիական պարարտանյութերի, աճի խթանիչների և այլ նյութերի չարաշահման մասին կասկածները կիսում են նաև շարքային սպառողները:

Հանրային առողջապահության մասնագետ Մադլեն Մինասյանը նախընտրում է հիմնականում գնումներ կատարել Հայաստանում գործող օրգանական սննդի միակ խանութից: Նրա խոսքով, այդուհանդերձ, այդ խանութում տեղական արտադրության թարմ միրգ ու բանջարեղեն չեն վաճառում: Ինքն էլ ստիպված է ծանոթների միջոցով միայն բնական պարարտանյութեր օգտագործող գյուղացիներից գնումներ անել:

Խանութի վաճառքի գծով մենեջերը հաստատում՝ վաճառում են հիմնականում Եվրոպայից բերված ապրանքները, քանի որ տեղականը չի համապատասխանում օրգանական սննդի չափանիշներին՝ առանց քիմիկատների, պեստիցիդների, կոնսերվանտների և գունանյութերի չեն:

Թեև այս խանութում սնունդը սովորականից մոտ 2-3 անգամ ավելի թանկ արժե, այցելուների պակաս չունեն: Վաճառքի գծով մենեջերն ասում է՝ նրանցից շատերն են տեղական օրգանական միրգ-բանջարեղեն փնտրում, սակայն դեռևս որևէ հայ ֆերմեր համագործակծության համար խանութին չի դիմել․ - «Եթե նրանք ունենան սերտիֆիկատ, որ իրենց արտադրանքը 100 տոկոս օրգանիկ է համարվում կարող ենք նրանց հետ աշխատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG