Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվա է այցելում Էդվարդ Նալբանդյանը


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Վաղը կայանալիք բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վաղը կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկելու են հրատապ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին, ինչպես նաև արտաքին քաղաքականության համակարգմանը։

Տեղի կունենա մտքերի փոխանակում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, որում Ռուսաստանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ակտիվ միջնորդական դեր է խաղում։

Ծրագրով նախատեսված են նաև Նալբանդյանի հանդիպումները Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և ռուսաստանցի քաղաքագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Ակնկալում ենք նաև, որ Հայաստանի արտգործնախարարի Ռուսաստան այցը կարևոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս - հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում։

Այցի նախօրեին էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազարույց է տվել ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու դրա առաջնահերթություններին, մասնավորապես խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ղարաբաղյան գործընթացին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից։

Նալբանդյանը խոսել է նաև Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների շուրջ պաշտոնական Երևանի վերաբերմունքի մասին։

Լրագրողի դիտարկմանը, թե Եվրոպայում և Միացյալ Նահանգներում այսօր ի հայտ է գալիս այն համոզմունքը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ սահմանափակումները, ոչ միայն արդյունավետ չեն, այլև կործանարար են հենց այն պետությունների համար, որոնք դրանք սահմանել են, և հարցին, թե ինչպե՞ս է միջազգային կայունության ամրապնդմանը և վստահության մթնոլորտի հաստատմանը քիչ նպաստող այս պատմությանը վերաբերվում Երևանը, Նալբանդյանը դիվանագիտական պատասխան է տվել։ «Ակնհայտ է, որ պատժամիջոցների ճանապարհով շարժվելը մի տարբերակ է, որի վնասներն ազդում են բոլոր մասնակիցների վրա, և ոչ միայն։ Դա չի կարող բխել որևէ մեկի շահերից։ Կարծում ենք, որ միայն բանակցությունների և երկխոսության միջոցով կարելի է փնտրել խնդրիների լուծման ուղիները», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG