Մատչելիության հղումներ

Ներմուծվող սննդամթերքի ոչ բոլոր խմբաքանակներն են ստուգվում


Ներմուծվող սննդամթերքի ոչ բոլոր խմբաքանակներն են ստուգվում
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը օրերս հետաքննություն է հրապարակել, պնդելով, թե Հայաստան ներկրված թռչնամսի որոշ խմբաքանակ հորմոնալ ստուգման չի ենթարկվել, թեև 2013 թվականին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից ներմուծված և «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվող «Սադիա» և «Ֆրանգոսուլ» ապրանքատեսակներում տեստոստերոն հորմոնի քանակությունը գերազանցել էր թույլատրելի սահմանը: Կենդանիների աճը խթանող այս հորմոնի չարաշահումը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:

Չնայած այդ չարաշահմանը՝ 2013-2014 թվականներին շարունակվել է բրազիլական թռչնամսի ներկրումը Հայաստան: Հետաքննող լրագրողի հարցին, թե վտանգավոր խմբաքանակի հայտնաբերումից հետո ինչո՞ւ է նույն ապրանքատեսակների 3 նոր խմբաքանակ ներկրվել առանց ստուգելու դրանցում տեստոստերոնի քանակությունը, գյուղնախարարության պաշտոնյան դժվարացել է պատասխանել, միայն ասել է, թե սահմանին է որոշվում՝ ի՞նչ քննության պետք ենթարկվի այս կամ այն խմբաքանակը:

Լրագրողները մի քանի հարցումներ են ուղղել նաև «Սադիա» և «Ֆրանգոսուլ» ընկերություններին, փորձելով պարզել, թե ինչու է տեստոստերոնի քանակը գերազանցել թույլատրելիի սահմանը և արդյո՞ք մյուս խմբաքանակները նույնպես կարող են վտանգավոր լինել առողջության համար: Երկու ընկերություններն էլ չեն պատասխանել հարցերին:

Այնուհետև, 2013 սեպտեմբերին ևս 4 խմբաքանակ է ներկրվել Հայաստան, սակայն, դրանցից միայն երեքն են անցել տեստոստերոնի ստուգումը։ Որևէ վտանգավոր բան չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, հարցին, թե ինչո՞ւ խմբաքանակներից մեկը չի ստուգվել, պաշտոնյաները կրկին պատասխանել են, թե որոշումը սահմանին է ընդունվում, ստուգման համար էլ վճարում է ներկրողը:

Այս հոդվածի առնչությամբ Սննդի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել, պնդելով, թե պարբերաբար լաբորատոր հետազոտություն է իրականացնում և «Սադիա» ապրանքանիշի սառեցված հավերում աճի խթանիչների (այդ թվում՝ տեստոստերոն հորմոնի) ցուցանիշները եղել են թույլատրելի սահմաններում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը ասում է, որ ծառայության այս հայտարարությունը չի փարատում իրենց կասկածները։

«Կա պաշտոնական հայտարարություն, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «պարբերաբար» իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր հետազոտություն։ Այսինքն, պարբերաբարը ինքնին արդեն նշանակվում է, որ ինչ-որ խմբաքանակներ չեն ստուգվում», - ասում է Պիպոյանը՝ մատնանշելով այն փաստը, որ անգամ Ռուսաստանը, որը սննդի անվտանգության տեսանկյունից զիջում է Եվրոպային, որևէ երկրից եկած վտանգավոր խմբաքանակի հայտնաբերման պարագայում հաճախ արգելք է սահմանում տվյալ պետությունից ներմուծվող ապրանքների համար։ Մինչդեռ, Հայաստանը վտանգը հայտնաբերելուց հետո ոչ միայն գոնե ժամանակավոր արգելք չի սահմանում, այլև թույլ է տալիս ընտրողաբար ստուգել ներմուծվող խմբաքանակները։ Ընդ որում, պարզ չէ նաև, թե արդյոք պատշաճ ստուգման է ենթարկվում նաև տեղական թռչնամիսը։

«Առաջին հերթին պետք է պատասխանատուները հասկանան, որ այս տեմպով չի կարելի ուղղակի շարունակել, որովհետև ինչքան էլ փորձեն արդարացնող տեքստեր հրամցնել մեզ, այստեղ հստակ հայերենով է նշվում՝ պարբերաբար իրականացնում է մոնիթորինգ։ Պարբերաբարը նշանակում է՝ ընդհատվող, ոչ միշտ», - ընդգծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG