Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահն իր ամենամյա ուղերձում քննադատեց կառավարության աշխատանքը


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանում, 31-ը մարտի, 2015թ.
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանում, 31-ը մարտի, 2015թ.

Չնայած Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից վերջին օրերին գործադրված բոլոր ջանքերին, կառավարության անդամներն այդպես էլ չժամանեցին Քութաիսիում գտնվող խորհրդարանի շենք` ներկա գտնվելու Գիորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ուղերձի հրապարակմանը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ կառավարման համակարգում շատ ավելի կարևոր խնդիր են առկա, քան երկրի ղեկավարի ամենամյա ուղերձը:

«Հավատացնում եմ ձեզ, Վրաստանի քաղաքացիներին այսօր բացարձակապես չի հետաքրքրում արդյոք վարչապետ Ղարիբաշվիլին կգնա Քութաիսի` լսելու նախագահի ուղերձը, թե՝ ոչ: Իհարկե, ես մեծ հաճույքով կլսեմ նախագահ Մարգվելաշվիլիի ուղերձը, բայց ոչ թե տեղում, այլ հեռուստացույցով»,- հայտարարեց Ղարիբաշվիլին:

Երկրի վարչապետի որոշումը շատերը մեկնաբանում են որպես նրա և նախագահի անձնական հարաբերություններում առկա լարվածության վկայություն: Գաղտնիք չէ, որ «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խզել է բոլոր կապերը Մարգվելաշվիլիի հետ և շարունակում է համագործակցել բացառապես կառավարության, մասնավորաբար, գործող վարչապետի հետ: Մյուս կողմից Իրակլի Ղարիբաշվիլիի որոշումը` չմեկնել Քութաիսի, թերևս արդարացված էր: Նախագահ Մարգվելաշվիլին իր մեկ ժամանոց ելույթի մի զգալի մասը նվիրեց կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության կոշտ քննդատությանը:

«Լարիի փոխարժեքի վերջին անկումը և տնտեսական աճի տեմպերի նվազումը մեկ անգամ ևս վկայում են, որ Վրաստանը պատրաստ չէ դիմակայել միջազգային տնտեսական ռիսկերին»,- հայտարարեց Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքով՝ երկրի կառավարման համակարգը գտնվում է ճգնաժամի շեմին.- «Գերատեսչություններին կից գործող բազմաթիվ խորհուրդների գոյությունը վտանգում է կառավարման համակարգի բնականոն գործունեությունը: Նման պրակտիկայի վառ օրինակը վարչապետին կից գործող խորհրդի գործունեությունն է: Նման կառույցները կրկնօրինակում են նախարարությունների գործառույթները»:

Իր ուղերձի մի զգալի մասը Վրաստանի նախագահը նվիրեց արտաքին հարաբերություններին` նախևառաջ Ռուսաստանի հետ կապերի հնարավոր բարելավմանը:

«Մեր գլխավոր խնդիրներից մեկն այսօր Ռուսաստանի կողմից որպես իր առաջնահերթ հետաքրքրության տարածաշրջան որակված երկրների շրջանակից դուրս գալն է: Այս գաղափարը իր մեջ հակամարտության լուրջ ներուժ է պարունակում, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ Ռուսաստանի հետ իրավահավասարության հիմքի վրա հարաբերություններ հաստատելու և դրանք խորացնելու համար: Հարկ է սակայն հիշել, որ այսօր Ռուսաստանի կողմից գլոբալ մակարդակում իրականացվող քարոզչական արշավի հիմնական թիրախներից մեկը հենց Վրաստանն է: Ռուսական կողմի նպատակն է այսպես կոչված «մեղմ ուժի» կիրառմամբ Վրաստանին շեղել եվրոպական և եվրաատլանտյան ընտրությունից»,-հայտարարեց Մարգվելաշվիլին:

Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքով՝ սակայն Վրաստանը չպետք է վերածվի սառեցված հակամարտությունների պատանդի:

«Մենք շարունակելու ենք հետևողական քայլեր գործադրել` ուղղված երկրի ժողովրդավարացմանը»,- հայտարարեց Վրաստանի նախագահն` ընդգծելով, որ Թբիլիսին պատրաստ է ապահովել երկրում ապրող բոլոր ազգերի իրավունքները:

«Եվրոպական Վրաստանը աբխազների և օսերի ինքնության պահպանման, նրանց քաղաքական և մշակութային իրավունքների իրացման լավագույն երաշխիքն է»,-հայտարարեց Մարգվեշալվին:

Ուշագրավ է սակայն, որ ազատական ոգով արված այս հաստատություններին զուգահեռ Վրաստանի չորրորդ նախագահը իր նախորդներից հիշատակեց միայն մեկին՝ ազգայնական հայացքներով հայտնի Զվիադ Գամսախուրդիային:

«Ինձ համար շատ կարևոր է այս դահլիճում գտնվել հենց այսօր, երբ նշում ենք Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծնունդը: Բացի այդ, 24 տարի առաջ հենց այս օրը` մարտի 31-ին, Վրաստանի ժողովուրդը հանրաքվեի ընթացքում կողմ արտահայտվեց անկախ պետության հռչակմանը»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG