Մատչելիության հղումներ

Կարինե Խոդիկյանի պիեսը կբեմադրվի Գերմանիայում


Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը ասուլիսի ժամանակ:
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը ասուլիսի ժամանակ:

«Երկու պատմություն հինգ դերասանի համար» պիեսը հաղթող է ճանաչվել «Խոսելով սահմանների մասին» մրցույթում:

2005 թվականից ի վեր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը եվրոպական մի շարք երկրներում՝ Մակեդոնիայում, Սերբիայում, Խորվաթիայում և այլուր իրականացրել է մի ուշագրավ թատերական ծրագիր՝ հայտարարելով պիեսների մրցույթ «Խոսելով սահմանների մասին» խորագրի ներքո: 2014-ի աշնանը Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, Հայաստանի Մշակույթի նախարարության և «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հետ համատեղ ձեռնամուխ եղան դրա իրականացմանը Հայաստանում:

Եվ ահա այսօր հրավիրած ասուլիսում Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը հրապարակեց մրցույթի արդյունքները: Ստացված 13 հայտերից հաղթող է ճանաչվել Կարինե Խոդիկյանի «Երկու պատմություն հինգ դերասանի համար» պիեսը: Խրախուսական մրցանակների են արժանացել Անուշ Քոչարյանի «Տարին առանց ամառվա» և Սամվել Մարտիրոսյանի «Ոտքերի արանքում գծված սահմանը» պիեսները:

Խոդիկյանի պիեսը արժանացել է առաջին մրցանակին և 3500 եվրո դրամական պարգևին: Բացի դրանից, այն կբեմադրվի Նյուրենբերգի պետական թատրոնում: Խրախուսական մրցանակները և 2500 եվրո ընդհանուր դրամական պարգևը կստանան Անուշ Քոչարյանն ու Սամվել Մարտիրոսյանը: Նրանց պիեսները կբեմադրվեն Հայաստանում:

Մրցութային հանձնաժողովի անդամներից թատերագետ Արա Խզմալյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, թե ներկայացված պիեսներից շատերը հեռու էին դրամատուրգիայի դասական ընկալումներից․ - «Լեզվի տիրապետումը, դրամատուրգիական լեզվի կառուցումը, տեքստի հետ աշխատելը․․․ սրանք բարդ բաներ են: Առանց ինտելեկտի, էրուդիցիայի և լայն հայացքի, դրամատուրգիայով զբաղվելն իմաստ չունի: Դա պիտի ասել բացահայտ, ակնհայտ, որ շատ քիչ տեսարաններ, դրվագներ կան, երբ զգում ես, որ դրամատուրգը գրել գիտի և գիտի ինչ բան է դրամատուրգիան: Սա չի նշանակում, որ ես համաձայն չեմ առաջին մրցանակի հետ»:

Իսկ թատերագետ Նաիրա Եղիազարյանը, ով նույնպես մրցութային հանձնաժողովի անդամ էր, «Ազատության» հետ զրույցում շեշտեց․ - «Տասներեք պիես կարդացինք: Որոշ քանակի համար ես ափսոսում եմ ժամանակից առումով․․․ Շատերը «Խոսելով սահմանների մասին» խորագրի հետ կապված պարզապես օգտագործել էին սահման բառը: Այսինքն շեղված էին իրական նպատակից, իրական գաղափարից»:

«Երբ մենք խոսում ենք սահմանների մասին (վեկտորը այս միջոցառման սահմաններն են), ես կարծում եմ, որ մենք պիտի խոսեինք ազատության մասին, մարդկային ազատության մասին: Իսկ մենք նորից՝ մեր գյուղը, մեր սարը․․․ գնում ենք բոլոր խնդիրը տեղավորում ենք հայ – ադրբեջանական, հայ – թուրքական հակամարտության շրջանակներում: Եվ կարծես ազատության ու սահմանի գաղափարը, որ ի վերջո գոյաբանական, էկզիստենցիալ գաղափարներ են և ենթադրում են շատ ավելի լայն հայացք իրականության ու մարդու հանդեպ, մենք բերում ու աշխարհագրորեն նեղացնում-փոքրացնում ենք», - հավելեց Արա Խզմալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG