Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարին ծեծելու գործով դատավճիռը կհրապարակվի վաղը


ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարին ծեծելու գործով դատավճիռը կհրապարակվի վաղը
please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00

ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարին ծեծելու գործով դատավճիռը կհրապարակվի վաղը

Թեև առաջադրված հոդվածով նախատեսվում է նաև երկամսյա կալանք, դատախազ Յուրի Բաղյանը միջնորդեց դատարանին հաշվի առնել մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ․ - «Հարկ եմ համարում նշել այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է հանցագործության բացահայտմանը, խնամքի մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը, իսկ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել»։

Իր տան բակում ծեծի ենթարկված ընդդիմադիր Աշոտ Փիլիպոսյանը պնդեց, որ թե՛ նախաքննական մարմինը և թե՛ դատարանն ամեն ինչ արեցին՝ հանցագործության բոլոր մասնակիցներին ու ծեծի պատվիրատուներին կոծկելու համար։

Իր խոսքի վերջում Փիլիպոսյանը նույնիսկ հեգնեց․ - «Երևի թե պետք է շնորհակալ լինեմ, որ ես չդարձա մեղադրյալ»:

Ամբաստանյալ Պարգև Մանուկյանի պաշտպանը միջնորդեց է՛լ ավելի մեղմացնել դատախազի պահանջած պատիժը և սահմանել 30 հազար դրամի տուգանք։ «Ազատության» հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ այս միջնորդությունը կբավարարվի․ - «Իմ ներկայացրած հիմնավորումներն առավել քան բավարար են, քանի որ դատաքննության ընթացքում պարզվեց, որ տուժողը որևէ էական վնաս չի ստացել, միայն ծեծ»։

Մեղադրական եզրակացության համաձայն, ամբաստանյալը վերադարձել է Ռուսաստանից և ամիսներ առաջ իր հորեղբոր տղային հասցված վիրավորանքի համար դեկտեմբերի 12-ին ծեծել ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարին։

Ամբաստանյալի համագյուղացի, ՀԱԿ-ի վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը դեռ դեպքի օրը հիվանդանոցում «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե բռնությունը իրականացվել է իշխանության պատվերով, այն բանից հետո, երբ ընդդիմադիրները Լեռնանիստ գյուղում եռյակի հանահավաքի իրազեկման ժամանակ, վեճի են բռնվել իրենց խոչընդոտող գյուղապետի հետ։

«Էստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի, սա բացահայտ քաղաքական տեռոր է», - ասել էր Բարեղամյանը:

Նախաքննության ու դատաքննության ընթացքում միջադեպը դիտարկվել է որպես կենցաղային հողի վրա կատարված հանցագործություն: Բարեղամյանը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ Փիլիպոսյանը տուժել է քաղաքական հայացքների համար։ Բարեղամյանը նշում է, որ հանրահավաքի իրազեկման ժամանակ ու դրան հաջորդող շաբաթներին Փիլիպոսյանի բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, իսկ ծեծը տեղի է ունեցել պատգամավոր Արամ Մանուկյանի, ակտիվիստների, ազատամարտիկների նկատմամբ միմյանց հաջոդող մյուս բռնությունների օրերին։

«Ես բառիս բուն իմաստով ասում եմ՝ այս ամբողջը կազմակերպված է Սերժ Սարգսյանի կողմից: Որպեսզի վախի մթնոլորտն ամբողջ հանրապետությունով տիրի, որ մարդիկ ոտքի չկանգնեն, որովհետև ծայրահեղ վիճակ է հանրապետությունում», - ասաց ՀԱԿ-ի վարչության անդամը:

Դատարանը վճիռը կընթերցի վաղը: Կլինի երկամսյա կալանք, թե 30 կամ 100 հազար դրամ տուգանք՝ Փիլիպոսյանին այդքան էլ չի հետաքրքրում։ Թատրոն որակելով դատավարությունը՝ նա ընդգծում է, որ ամբաստանյալի աթոռին պետք է նաև այլ մարդիկ լինեին։ Ինչպես դեպքի օրը, այնպես էլ այսօր Փիլիպոսյանը հայտարարում է՝ գետնին ընկած ժամանակ իրեն մի քանի հոգով են ծանր հարվածներ հասցրել: Սակայն նախաքննական մարմինը անտեսել է այս ցուցմունքները։ Դեմքի շրջանում ստացած վնասվածքներ, ուղեղի ցնցումն ու կրծքավանդակի սալջարդն էլ թեթև մարմնական վնասվածքներ են որակվել։

«Իրանք թողել են մի հոգու, որպեսզի շատ հանգիստ, թեթև, տուգանքներով հարցը լուծեն, փակվի: Միայնակ չի եղել: Եթե միայնակ լիներ, այդքան հեշտ չէր ինձ գետնին գցելը, ծեծելը: Ես ասում եմ, որ իմ հետևից շատ ուժգին հարվածներ են եղել», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Փիլիպոսյանը:

XS
SM
MD
LG