Մատչելիության հղումներ

Երեկ զոհված զինծառայողը Մխչյան գյուղից էր


Երեկ զոհված զինծառայողը Մխչյան գյուղից էր
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան զորամասերից մեկի մարտական հենակետում երեկ կրկին զինվոր է զոհվել։

Հակառակորդի արձակած գնդակից զոհված 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, մի քանի ամսից պետք է զորացրվեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անցած գիշերը հայ-ադրբեջանական սահմանում համեմատաբար հանգիստ է եղել․ - «Կրակոցներ քիչ են եղել՝ մոտ մեկ հարյուրին մոտ, և մեծ տրամաչափի հրաձգային զենքերով գրեթե չի կրակվել: Նման դեպքերում շատ ժամանակ մենք չենք պատասխանում, որովհետև դրանք հիմնականում կրում են անկանոն կրակի բնույթ»:

Այսօր այցելեցինք նաև Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են ավելի քան տասն օր առաջ ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ժամանակ վիրավորված երկու զինծառայողները՝ սպա Սարգիս Գաբրիելյանն ու նրա դասակի զինվոր Էդգար Մարտիրոսյանը։

Հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Լևոն Ժամագործյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նրանց առողջական վիճակն օրեցօր լավանում է․ - «Ավելի ակտիվ են դարձել: Արդեն քայլացնում ենք իրենց: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, գնում ենք դեպի լավը: Վերքերը արդեն համարյա լավացել են, ինքնազգացողությունը վիրավորների գերազանց է: Ամենայն հավանականությամբ, երևի մեկ շաբաթից արդեն դուրս կգրենք նրանց»:

Լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանի ձեռքն են անդամահատել: Մեր այցելության ժամանակ սպան քնած էր, զրուցեցինք նրա մոր հետ։

«Ընդհանուր առմամբ առողջականը լավ է: Կազդուրվում է, լավ վիճակում է գտնվում: Ուղղակի պահի տակ, ընկերներին հիշելով, այդ վիճակը հիշելով, չեմ ասի հոգեպես ընկճվում է, բայց համենայն դեպս լավ չի զգում իրեն», - ասաց վիրավոր զինծառայողի մայրը:

Շարքային Էդգար Մարտիրոսյանը դիվերսիայի ժամանակ վիրավորվել է որովայնի ու ստորին վերջույթների շրջանում, բարեբախտաբար վիրաբուժական միջամտության կարիք այլևս չունի։

«Որոշել եմ դուրս գրվեմ, ծառայությունս պետք է շարունակեմ», - «Ազատությանն» ասաց նա:

Այս պահին ծանր է միայն նույն հարձակման հետևանքով վիրավորված և այժմ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող զինվորի վիճակը։

Ի դեպ, հասարակական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը օրերս Ֆեյսբուքում հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով գումար հավաքել ու սարքավորումներ պատվիրել, որոնցով հնարավոր կլինի ամրապնդել սահմանի անվտանգությունը և ժամանակին ֆիքսել հակառակորդի առաջխաղացումը:

«Ազատության» հետ զրույցում Սանասարյանն ասաց․ - «Պատահական չէ, որ հինգ հարյուր դրամ ընտրեցի, այսինքն՝ նվազագույնը, որ ամեն մեկը իրեն կարողանա թույլ տալ, իր լուման կարողանա ներդնել: Ասեմ, որ շատ լուրջ արձագանք է եղել թե՛ Հայաստանի քաղաքացիներից և թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցներից: Առաջիկայում քննարկումների արդյունքում հավանաբար կունենանք մի իրավական ձև՝ հիմնադրամ, որի միջոցով քաղաքացիներին կոչ կանենք, որ իրենց լուման ներդնեն և կարողանանք ձեռք բերել այդ սարքերը»:

«Պաշտպանության նախարարությունում դրական են գնահատում հասարակության շահագրգռվածությունը սահմանների անվտանգության հարցում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանդիպել են նախաձեռնության հեղինակի հետ ու հայտնել իրենց դիրքորոշումը․ - «Ընդհանուր առմամբ սահմանի տեխնիկական հագեցվածության խնդիրը շատ կարևոր հարց է իհարկե: Այն կապված է նաև մեծ ֆինանսական միջոցների հետ: Բայց բացարձականացնել այդ երևույթը խորհուրդ չենք տա, որովհետև այս պահին էլ մենք ունենք շատ տեղերում այս կամ այն սարքերը, որոնք փորձնական փուլում են կամ արդեն կիրառման փուլում են: Բայց այդ մեթոդով մեր խնդիրը լուծել չենք կարող, որովհետև, եթե մենք ունենք այս պահին ընթացիկ այսպես ասած հիբրիդային պատերազմ, ակտիվ կրակային ներգործություն հակառակորդի կողմից, ապա այս սարքերով զուտ խնդիրը լուծել անհնար է»:

XS
SM
MD
LG