Մատչելիության հղումներ

Սլուցկի. Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում


Վալերի Պերմյակով, արխիվ
Վալերի Պերմյակով, արխիվ

Նրա խոսքով, առաջիկա շաբաթների ընթացքում գործի նախաքննությունը կավարտվի:

Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, տրիբունալը արտագնա կգա բազայի տարածք, այսօր Ավետիսյանների գերեզման այցելելուց ու ծաղիկներ դնելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Այսօր առանց ավելորդ կոմպլեմենտարության քննչական մարմինն իրականացրել է մեծածավալ աշխատանք: Միայն 4 հազար վկաներ են հարցաքննվել: Ռուսաստանի քննչական մարմինները շատ սերտ հանգործակցել են հայաստանյան քննչական մարմինների հետ և, արդեն կարելի է ասել այն մասին, որ հետաքննության մեջ որոշակի առաջաընթաց է արձանագրվել: Ես իրավասու չեմ խոսել այնպիսի բաների մասին, որոնք հասկանալիորեն նախաքննական գաղտնիք են հանդիասնում, բայց դատը կկայանա տեսանելի ապագայում: Ինչպես հայկական կողմն է խնդրել, դատը՝ զինվորական տրիբունալը տեղի կունենա այստեղ՝ Հայաստանի տարածքում, Գյումրիում, բնականաբար, դատավճիռը կլինի համարժեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սլուցկին:

Հարցին՝ դատավարությունը կընթանա բաց, թե՞ փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացավ պատասխանել, այդուհանդերձ նշեց՝ որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը:

Իր հերթին Սլուցկիի տեղակալ Տատյանա Մոսկալցովան ընդգծեց, որ եթե նույնիսկ դատավարությունն ընթանա փակ դռների հետևում, ապա վճիռը, ըստ Ռուսաստանի օրենսդրության, կկայացվի բաց ընթացակարգով:

«Դատավճիռը պետք է կարդան հրապարակային, և գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ վճիռը, հայտնի կլինի բոլորին», - ասաց Սլուցկիի տեղակալը:

Սլուցկին վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախաքննությունը կավարտվի:

Իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հեռացվել է ռազմակայանի հրամանատարի պաշտոնից, և վաղը կներկայացվի նոր հրամանատարական կազմը: Ցոլակյանը նաև ասաց, որ տույժի են ենթարկվել ռազմաբազայի մի շարք աշխատակիցներ:

Վաղը Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Սլուցկիի խոսքով, քննարկվելու են նաև Գյումրիի սպանդին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG