Մատչելիության հղումներ

«Ժառանգության» ղեկավարի խոսքով, Մարտիրոսյանը և Հակոբյանը «իրենց լիազորությունից դուրս չէին»


«Ժառանգության» ղեկավարի խոսքով, Մարտիրոսյանը և Հակոբյանը «իրենց լիազորությունից դուրս չէին»
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00

«Ժառանգություն»-ն այսուհետև չի մասնակցելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումներին:

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ՝ այսօր արդեն ակնհայտ է, որ իշխանությունները չեն կատարելու իրենց պահանջները՝ բարեփոխումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ մինչ այդ համաձայնելով անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, հրապարակել քվեարկության մասնակիցների ցուցակները, ինչպես նաև՝ վերահսկողական լծակներ տալ ընդդիմությանը:

«Թե մասնագիտական հանձնաժողովի մակարդակով, թե հիմա արդեն Սերժ Սարգսյանի մակարդակով արդեն ակնհայտ է, որ սրանք չեն լինելու: Եվ դրա համար ես հայտարարում եմ այսօր, որ հետայսու մենք այս ինքնանպատակ խաղերին այլևս չենք մասնակցելու: Այնպես չէ, որ մենք տանը նստել ենք, խավարը անիծել, այլ տվել ենք կոնկրետ առաջարկներ և այդ առաջարկները հիմա արդեն արհամարհելով մտցրել են իմիտացիոն դաշտ», - ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցումը խորհրդարանական համակարգին ամրագրված է նաև իր գլխավորած կուսակցության ծրագրում, ընդդիմադիր «Ժառանգություն»-ը, սակայն, կտրականապես դեմ է, որ Սերժ Սարգսյանը կյանքի կոչի այդ փոփոխությունը:

«Մեր դիրքորոշումը «Ժառանգությունում» մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական և քաղաքացիական լեգիտիմությունը, իրավակարգ վիճակ հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու համար սահմանադրական փոփոխություններ: Եթե առաջ գնանք այս ճանապարհով, լինելու է նույնը, ինչ եղավ 95 թվականի և 2005 թվականին․ իջեցված, ժողովրդի կամքի դեմ անվստահության մթնոլորտում պարտադրված փոփոխություններ», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Միացյալ Նահանգներից վերադառնալուն պես Հովհաննիսյանը «Ժառանգության» վարչության խորհրդակցություն է անցկացրել՝ հարթելու կուսակցությունում առաջացած լարվածությունը: Արդյոք իր իմացությամբ են կուսակիցներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը գնացել Բաղրամյան 26, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ ոչ, բայց Արմեն Մարտիրոսյանը կուսակցության փոխնախագահն է, որոշման իրավունք ունի և չի պատժվի:

«Մարտիրոսյանը և Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես՝ ինքս, չէի գնա, բայց նաև տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին: Դրա կայացումից հետո ես տեղեկացա, որ կայացել է», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իմանալով հանդիպման մասին Զարուհի Փոստանջյանն ասել էր, թե Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը «հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ»:

«Ես համաձայն չեմ այդ բնորոշման հետ, իրենք հաճախորդ չեն», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արմեն Մարտիրոսյան էլ «Ֆեյսբուք»-ում ակնարկել էր «իշխանական կերակրատաշտից ստվերային օգտվողների» մասին․- «Մեկ-մեկ մենք սխալ բաներ ասում ենք, ես էլ ասում եմ, Արմենը,Զարուհին․․․ Մենք նայում ենք առաջ և համարում ենք, որ սա կարևոր կենսափորձ էր մեզ համար»:

«Ժառանգություն»-ը միջկուսակցական, ոչ պաշտոնական է բնորոշում նախագահականում կայացած խորհրդակցությունները: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այդ մասին է վկայում նաև այն, որ Սերժ Սարգսյանի անունից հրավեր չեն ստացել․ Գալուստ Սահակյանն է բանավոր փոխանցել, թե նախագահը հանդիպման է կանչում:

«Մենք այլևս պիտի չհանդիպենք, որ նկարահանեն մեզ շարանով հետո ցույց տան հեռուստատեսությամբ, թե ահա այս հանդիպումները տեղի ունեցան: Եվ պատկերացրեք, որ 2013 թվականին կեղծված ընտրություններից հետո այդ ընտրությունները ճանաչելու դիմաց ինձ ուզում էին բերել այդ դաշտ և կարգել էդ հանձնաժողովի նախագահ, պատկերացրեք», - հիշեց Հովհաննիսյանը:

«Ժառանգություն»-ն այս խաղը չի խաղում, սահմանադրական բարեփոխումների մասով եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պնդելով, որ այսուհետև Սերժ Սարգսյանն ինքը պետք է գա իրենց կուսակցության գրասենյակ, եթե ասելիք ունի․- «Չկարծեք, որ այդ հայտնի հանդիպման ընթացքում դեմ առ դեմ չի բարձրացվել լեգիտիմության, արտահերթ ընտրությունների և մյուս հարակից հարցերը, բարձրացվել են»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց՝ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու են հանրաքվեն կանխելու համար: Նա հիշեցրեց, որ 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ երեք օր Ազատության հրապարակում էր անցկացրել: Այս անգամ այն կարող է դառնալ Սերժ Սարգսյանին հեռացնելու միջոց:

Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սարգսյանին դիմեց օգտագործելով Մեծ պահքի առիթը․- «Ես ներում եմ Սերժ Սարգսյանին իմ ընտրության գողության, ինչպես նաև՝ վեհափառին Աստվածամոր Աստավծաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար: Ես դա չեմ կարող անել մեր ողջ ժողովրդի անունից, և ուրեմն հերթը նաև պարոն Սարգսյանինն է և վեհափառինը, որ իրենք իրենց արժանապատիվ ձևը գտնեն ներողություն խնդրելու, հայցելու և ներողությունից հետևող քայլեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG