Մատչելիության հղումներ

Լեհաստանը չի բացառում, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը


Լեհաստանը չի բացառում, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Դեսպան Նովակովսկիի խոսքով, պետք է ըմբռնումով մոտենալ Հայաստանի՝ խորը և համապարփակ առևտրի բաղադրիչին չմիանալուն:

Լեհաստանը հույս ունի, որ մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին պաշտոնական Երևանը կհստակեցնի իր դիրքորոշումը՝ ներկայացնելով Եվրամիության հետ համագործակցության հնարավոր սահմանները: Գագաթաժողովին ընդառաջ այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին չբացառեց, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ չմիանալով խորը և համապարփակ առևտրի բաղադրիչին:

«Մենք պետք է ուշի ուշով հետևենք բանակցություններին և, իհարկե, ըմբռնումով մոտենանք այն հանգամանքին, որ Հայաստանը միանա քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական հատվածը, քանի որ այն անհամատեղելի է Հայաստանի ընտրած ներկայիս տնտեսական համակարգի հետ», - ասաց դեսպանը:

Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկի՝ Լեհաստանի դեսպանը միաժամանակ հավելում է, որ սա լինելու է Հայաստանի կառավարության և ժողովրդի որոշումը և ինչպիսին էլ որ այն լինի՝ Վարշավան կողջունի:

«Ասոցացումը Հայաստանին թույլ կտա զարգանալ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքացիական ինստիտուտների առումով: Դրա վառ օրինակը Լեհաստանն է, որ նախ ասոցացվեց հետո նոր միացավ Եվրամիությանը և ապացուցեց, որ դա հաջողվում է, դրական արդյունք է տալիս», - ընդգծեց Եժի Նովակովսկին:

Լեհ դիվանագետի փոխանցմամբ, Ռիգայի գագաթաժողովում Եվրամիությունը դասակարգելու է պետությունները՝ օրինակ, որպես, ընկերական, ոչ ընկերական, բարի դրացիական գործընկերներ:

«Քաղաքական տերմինաբանությամբ ասած՝ ավելին ավելիի դիմաց», - բնորոշեց Եժի Նովակովսկին՝ վստահեցնելով, որ Հայաստանը կարևոր երկիր է Եվրոպայի համար, եվրոպացիների կողմից ընկալելի ու ճանաչելի: Հայաստանի եվրոպական ընտրությունն էլ, ըստ դիվանագետի, հազարամյակների պատմություն ունի, բայց Արևելյան գործընկերությունը քաղաքական ծրագիր է:

«Պետությունները պիտի ցանկանան մոտենալ քաղաքական Եվրոպային», - միաժամանակ հիշեցրեց նորանշանակ դեսպանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը լավատես չէ, թե գարնանը Երևանն ինչ-որ փաստաթուղթ կստորագրի: Քաղաքագետը Լեհաստանի դեսպանին խորհուրդ տվեց շատ բան չակնկալել Հայաստանի իշխանություններից:

«Կգնանք, կասենք, որ մենք շատ կարևորում ենք Եվրոպայի հետ համագործակցությունը, որ մանկուց մեր երազանքն է, բայց կստորագրենք հետագայում տարատեսակ փաստաթղթեր և կքվեարկենք այդ փաստաթղթերի օգտին, որոնք մեզ կթելադրեն Մոսկվայից», - ասաց Սաֆարյանը:

Նա հիշեցնում է․ երբ Երևանը հրաժարվեց ստորագրել արդեն պատրաստ փաստաթուղթը, Արևմուտքի և Ռուսաստանի առճակատումն այս աստիճանի չէր, հիմա առավելևս չկա քաղաքական հիմք:

«Արդյոք մենք ունենալո՞ւ ենք էդ հնարավորությունը՝ մեր հեռանկարն ինքներս ընտրելու, որովհետև, առանց այն էլ, մինչև ԵՏՄ մտնելը մեր տնտեսական ցուցանիշները փառահեղ չէին, ԵՏՄ մտնելուց հետո անկումը տպավորիչ է, և ահա հարց է՝ մենք ուզո՞ւմ ենք լավ ապրել», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը շարունակում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն ի վիճակի չէ փոխել Ռուսաստանի ճնշմամբ ընդունված ճանապարհը․ - «Քանի որ ռուսական ճնշումը իրենց վրայից չի վերացել, նրանք, բնականաբար, ոչինչ չեն կարողանալու փոխել, իսկ հայաստանյան ցանկացած կամայական իշխանություն ի վիճակի կլինի անկախ արտաքին քաղաքականություն վարել, եթե նա ունենա Հայաստանում լեգիտիմության պաշար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG