Մատչելիության հղումներ

Երեմ Սարգսյան. Առանց մեղադրյալի ինչպե՞ս են շարունակելու գործի քննությունը


Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 3-ը մարտի, 2015թ.
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 3-ը մարտի, 2015թ.

Ըստ փաստաբանի, միջպետական համաձայնագրում որոշակի հանգամանքներ կան նշված, «որոնց ուժով ռուսական կողմն ընդունել է, որ կարող է նաև փոխանցում [Պերմյակովին], որպես այդպիսին, լինել»։

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տրված պատասխանում ռուսական կողմը դատախազության մակարդակով հայտնեց, որ հանձնում չի կարող լինել, քանի որ իրենց Սահմանադրությունն արգելում է: Այդուհանդերձ, Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական համաձայնագրում որոշակի հանգամանքներ կան նշված, «որոնց ուժով՝ ռուսական կողմն ընդունել է, որ կարող է նաև փոխանցում, որպես այդպիսին, լինել»։ «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

«Այո, պետական համաձայնագրով սահմանված չէ այն դեպքը, երբ որ կա երկու հանցագործություն, որոնցից մեկը հայկական կողմի իրավասության ներքո է և մյուսը՝ ռուսական կողմի։ Այս դեպքում այդ հարցը լուծված չէ, և այստեղ է խնդիրը», - ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով «վերականգնել օրինականությունն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ հանձնել առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին»: Նամակի պատճենը պատգամավորն ուղարկել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունից, վկայակոչելով այդ երկրի Սահմանադրության 61-րդ հոդվածը, Փոստանջյանին պատասխանեցին, որ Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «ենթակա չէ հանձնման Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»:

Երեմ Սարգսյանը, վկայակոչելով ռուսական ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրի 6-րդ կետը, նշեց, որ, այնուամենայնիվ, գործը կարող է փոխանցվել հայկական կողմին։

«Համաձայնագրի 6-րդ կետով, ըստ էության, երկու դեպք է նախատեսված. առաջին դեպքն այն է, երբ մի խումբ անձինք են մեղադրյալները, որոնք կատարել են մեկ կամ մի քանի հանցագործություններ, և եթե դրանցից անգամ մեկի իրավասությունը Հայաստանի իրավասու մարմիններինն է, ապա ամբողջ գործը փոխանցվում է հայկական կողմին», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին, թե համաձայնագրի 6-րդ հոդվածը, այդուամենայնիվ, կարո՞ղ է հետագայում հիմք հանդիսանալ, որ գործը փոխանցվի հայկական կողմին, Սարգսյանը պատասխանեց, - «Եթե հետագայում ինչ-ինչ հանգամանքներում այս 6-րդ հոդվածի համաձայն կպարզվի, որ կա հանցակից, և որ Հայաստանի իրավասու մարմինների իրավասությունն է տարածվում այդ անձի վրա՝ հանցագործության կատարման առումով, ապա այս դեպքում, արդեն 6-րդ հոդվածի համաձայն, պետք է փոխանցվի։ Ի՞նչ է ստացվում՝ որ այս դեպքում նույնպե՞ս պետք է վկայակոչեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը և ասեն, որ չեն հանձնում»։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը նաև հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է հայկական կողմը շարունակելու գործի քննությունն առանց մեղադրյալի. - «Եթե վարույթը պահանջում է՝ քրեական հետապնդման իրականացնելու նպատակով սպառվելու է այն փուլում, երբ որ բոլոր գործողություններն ավարտվեցին, և այս դեպքում արդեն հարց է ծագում՝ առանց մեղադրյալի ինչպե՞ս են շարունակելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG