Մատչելիության հղումներ

Բանտարկված են առանց դատավարության. The Washington Post-ը Ալիևի ռեժիմի մասին


Իլհամ Ալիևը փորձարկում է նորաբաց դահուկուղին, 29-ը հունվարի, 2015
Իլհամ Ալիևը փորձարկում է նորաբաց դահուկուղին, 29-ը հունվարի, 2015

Բանտարկված են առանց դատավարության. The Washington Post-ի հերթական անդրադարձը Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոլեգին դեսպոտիզմի նշաններ է ցույց տալիս, ասվում է ամերիկյան հեղինակավոր պարբերականի՝ մարտի 1-ին լույս տեսած խմբագրականում: Լրագրողները, բլոգերները, իրավաբանները, իրավապաշտպանները և բոլոր նրանք, ովքեր խոսում են մարդու ազատությունների օգտին, Ադրբեջանում ենթարկվում են ազատազրկման և հետապնդումների, նկատում է հոդվածագիրը։

«Նավթից ստացվող եկամուտների անկումից հետո Ալիևը թվում է հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր ընդդիմանում են իրեն։ Այս ռեժիմի ամենասիրելի գործիքներից մեկը նախնական կալանքն է։ Ադրբեջանական օրենքների համաձայն, նախնական կալանքը կիրառվում է սահմանափակ դեպքերում։ Մինչդեռ այսօր այն լայն տարածված պրակտիկա է իշխանությունների ընդդիմախոսների պարագայում։ Գործնականում դատարանները ծառայում են մեղադրող կողմին»,- գրում է հոդվածի հեղինակը։

Հեղինակավոր պարբերականը հիշեցնում է՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուս կալանքի տակ է հուլիսի 30-ից՝ շինծու և կամայական մեղադրանքներով՝ պետական դավաճանություն, հարկերից խուսափում։ Նա տառապում է երիկամների հիվանդությամբ և շաքարախտով։ Փետրվարի 18-ին նրա կալանքը երկարաձգվեց ևս հինգ ամսով։ Նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի կալանքը նույնպես երկարաձգվեց։

Շարունակվում է նաև քննադատող լրագրողների դեմ արշավը։ Խադիջա Իսմայիլովան ճաղերի ետևում կմնա։ Դատարանը դռնփակ նիստում նրան մեղավոր ճանաչեց զրպարտության մեջ և տուգանեց։

«Պարոն Ալիևին, կարծես թե, առանձնահատուկ կերպով է խանգարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որտեղ Իսմայլովան էր աշխատում։ Վերջերս մի գովազդում պարոն Ալիևն ասում էր, որ ինքը շատ է ուզում Ադրբեջանը դարձնել աշխարհի ամենազարգացած և ամենամրցունակ երկրներից մեկը։ Ավաղ, դա տեղի չի ունենա, քանի դեռ նա շարունակում է իշխել բռնակալի պես»,- եզրափակում է The Washington Post-ի հոդվածագիրը։

XS
SM
MD
LG