Մատչելիության հղումներ

Նեմցովի մարդասպանների որոնումները շարունակվում են


Ռուսաստանում շարունակվում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանած անձի կամ անձանց որոնումները: Այս պահի տվյալներով, իրավապահները գտել են ավտոմեքենան, որը, ենթադրաբար, վարել է Նեմցովի վրա կրակած անձը: Այն հայտնաբերել են Մոսկվայի կենտրոնում՝ դեպքի վայրից ոչ հեռու, Արբատի նրբանցքներից մեկում:

Ընդդիմադիրներն ասում են, որ Նեմցովի սպանությունը պատվիրել են նրանք, ովքեր չեն վախենում, որ այս սպանությունը կբացահայտվի: Սրա վառ ապացույցը, ըստ ընդդիմադիրների, սպանության վայրն է՝ հենց Կրեմլի հարևանությամբ, ուր ամենուրեք տեսախցիկներ են:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գենադի Գուդկովն այսօր ասել է, որ սա ոչ թե սպանություն է, այլ՝ պետական ահաբեկչություն, որի նպատակն է վախեցնել մարդկանց:

Ոստիկանության տվյալներով, սպանությունն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս էր եկել «Ֆորդ» մակնիշի սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից յոթ գնդակ արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ հետ անցնում էր Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջով:

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ Նեմցովին ուղեկցող երիտասարդ կինը Մոսկվա է ժամանել Ուկրաինայից։

Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դաշնության ղեկավարին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։

«Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի», - հայտնել է Պեսկովը, ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։

Նեմցովը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 9-ին Սոչիում։ Նեմցովը Բորիս Ելցինի նախագահության օրոք զբաղեցրել է Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետի պաշտոնը, ապա տեղափոխվել է մայրաքաղաք և աշխատել որպես վառելիքի ու էներգետիկայի նախարար, իսկ ավելի ուշ նշանակվել է փոխվարչապետ։

1999-2003 թվականներին Բորիս Նեմցովը եղել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր։

Նեմցովը երկու տարի առաջ ընտրվել է Յարոսլավլի շրջանի տեղական դումայի պատգամավոր։

Նա «Համերաշխություն» կուսակցության հիմնադիրներից էր, «ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահը։ Բացի այդ Նեմցովը Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ էր։

Ռոսւսաստանցի, ինչպես նաև օտարերկրացի տասնյակ քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ դատապարտել են սպանությունը և հույս հայտնել, որ իրավապահները կբացահայտեն հանցագործին։

Նեմցովի ընտանիքի փաստաբանն ասել է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմադիր գործչին մի քանի անգամ սպառնացել են սպանել։

Հավելենք, որ մարտի 1-ին Մոսկվայի Մարինա շրջանում պետք է անցներ ընդդիմության բողոքի երթը, սակայն ընդդիմությունը որոշել է դրա փոխարեն Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթ անցկացնել Մոսկվայի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG