Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 86 տոկոսը գոհ է Պուտինի գործունեությունից


Նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը, Լևադա կենտրոնի՝ փետրվարին անցկացրած հարցման արդյունքներով, այսօր գոհացնում է ռուսաստանցիների 86 տոկոսին:

Այսպիսով, չնայած երկրում առկա տնտեսական ճգնաժամին, ռուսաստանցիների մեծամասնությունը վստահում ու աջակցում է Պուտինին:

Ըստ հարցման արդյունքների, անցած տարվա նոյեմբերից մինչև ընթացիկ տարվա հունվարը նախագահի վարկանիշը 85 տոկոս էր, անցած տարվա հոկտեմբերին՝ 88 տոկոս: Այդ կտրուկ աճը տեղի է ունեցել Ղրիմի բռնակցումից հետո: 2014-ի փետրվարին, օրինակ, Պուտինի վարկանիշը 69 տոկոս էր, իսկ մարտին՝ արդեն 80:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը արժանացել է ռուսաստանցիների 64 տոկոսի դրական գնահատակինին: Իսկ Կառավարության գործունեությունը դրական է համարում հարցված ռուսաստանցիների 60 տոկոսը:

Ավելի ցածր է երկրի խորհրդարանի վարկանիշը․ դրա գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 50 տոկոսը:

Պուտինը՝ որպես քաղաքական գործիչ, այսօր ևս այլընտրանք չունի․ հարցվածների 59 տոկոսը վստահում է նրան: Անցած տարի այս ցուցանիշը 55 տոկոս էր: Երկրորդ հորիզոնականում Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է՝ 24 տոկոս, երրորդ տեղում Արտգործնախարար Սերգեյ Լավրովն է՝ 20 տոկոսով: Վերջինիս վարկանիշը մեկ ամսվա ընթացքում աճել է 8 տոկոսով:

Չնայած փորձագետները միաձայն փաստում են, որ Պուտինի վարկանիշն այսօր չափազանց բարձր է՝ ռուսաստանյան ընդդիմությունը ձեռքները ծալած չի նստելու․ երկու օրից կազմակերպում են մեծ հավաք Մոսկվայում․ դրան մասնակցելու են Ուկրաինայի հարցում նախագահ Պուտինի քաղաքականությունից դժգոհ մոսկվացիները: Նման միջոցառումները սովորաբար հավաքում են մի քանի տասնյակ հազար մասնակից:

Քաղաքագետները նաև վստահ եմ, որ տնտեսական ճգնաժամը հանգեցնելու է որոշակի սոցիալական խնդիրների, ինչը կարող է բողոքի մեծ ալիք բարձրացնել Ռուսաստանում: Տրամաբանությունը հետևյալն է․ եթե Կառավարությունը ի վիճակի չլինի կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները, եթե ռուսաստանցիները չստանան իրենց աշխատավարձերն ու թոշակները, նրանք փողոց դուրս կգան:

Այս կանխատեսումները վերաբերում են մոտ ապագային: Իսկ այսօր, չնայած մեկուսացմանը, տնտեսական ճգնաժամին, ռուբլու արժեզրկմանը, գնաճին,Վլադիմիր Պուտինի վարկանիշը ոչ միայն չի նվազում, այլև բարձրանում է:

Պատճառը թերևս այն է, որ Պուտինին ձայն տվող ընտրազանգվածը շարքային ռուսաստանցիներն են, որոնք դեռևս շոշափելիորեն չեն տուժել ճգնաժամից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG