Մատչելիության հղումներ

Սուրբ Գրիգոր Նարեկացին ճանաչվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ


Պաշտոնապես տիտղոսը կշնորհվի ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի համար մատուցվելիք սուրբ պատարագին:

Օրերս Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հայտարարել է Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհելու մասին:

Սուրբ Գրիգոր Նարեկացին ոչ միայն մեր հոգևոր աշխարհի մեծագույն ներկայացուցիչներից է, այլև հայ մտքի, փիլիսոփայության, միջնադարյան վաղ վերածննդի բարձրագույն մի կատարելություն, որի «Մատյան ողբերգություն» պոեմը անգամ այսօր՝ արարվելուց ավելի քան մեկ հազարամյակ հետո, մնում է անգերազանցելի:

«Ազատության» հետ զրույցում Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը շեշտեց, որ Ֆրանցիսկոս Պապն այս մասին անձամբ կհայտարարի ապրիլին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցվելիք պատարագի ժամանակ․ - «Դեռևս շնորհված չէ: Պաշտոնապես հայտարարված է, որ պիտի շնորհվի: Եվ դա լինելու, կարծեմ, ապրիլի 12-ին, երբ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի համար սուրբ պատարագ է մատուցվելու»:

Տեր Գրիգորը նաև շեշտեց, որ Նարեկացուն տիեզերական վարդապետի տիտղոսի շնորհման գործում մեծ դեր է խաղացել Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդը՝ ամենապատիվ Ներսես-Պետրոս կաթողիկոսը:

Հայ կաթողիկե եկեղեցին բազմիցս Նարեկացուն, նրա հռչակավոր «Մատյան ողբերգության» պոեմին, նրա տաղերին ու շարականներին նվիրված բազմաթիվ գիտաժողովներ ու երեկոներ է կազմակերպել Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ մեծապես փառաբանվել է Նարեկացու հանճարը և հոգևոր-գրական ժառանգությունը: Ուստի պատահական չէ, որ այս ամենն ի վերջո այսպիսի մի հանգրվանի հասավ՝ Նարեկացին արժանացավ կաթոլիկ եկեղեցու բարձրագույն տիտղոսներից մեկին, որին, ըստ Տեր Գրիգորի, մինչև այժմ արժանացել ընդամենը 36 մեծագույն սրբեր և աստվածաբաններ:

Նա պարզաբանեց, թե ինչ է խորհրդանշում այդ տիտղոսը․ - «Որ իր թողած գրական ժառանգությունը, հատկապես «Մատյան ողբերգությանը» քրիստոնեական եկեղեցու վարդապետության մեկ ձև է հավատքի արտահայտման, հավատքի տարածման համար»:

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվներից Տեր Կյուրեղ քահանան «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հայ սրբերից Նարեկացին միակն է, որ արժանացել է կաթոլիկ եկեղեցու այս տիտղոսին, բայց սա, իհարկե, մեր հոգևորականների համար անակնկալ չէ՝ հաշվի առնելով Նարեկացու հանճարն ու մեծությունը․ - «Հայ եկեղեցու մեծագույն սրբերից մեկի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու արժեքը, մեծությունը, անշուշտ, բոլոր առաքելահիմն եկեղեցիներն էլ՝ ուղղափառ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին և այլն, վաղուց գիտեն և ճանաչում են: Եվ դա արտահայտվում է նաև իրենց խոսքում: Վերջապես կաթոլիկ եկեղեցին արեց մի քայլ, որը վավերացնում է այդ վերաբերմունքը Սուրբ Գրիգոր Նարեկացուն դնում է հասարակության առջև: Թե՛ կաթոլիկ եկեղեցու հավատացալների, թե՛ ողջ աշխարհի առջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG