Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը դիմելու է ՄԻԵԴ


Վոլոդյա Ավետիսյանը փաստաբանը դիմելու է ՄԻԵԴ
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Վոլոդյա Ավետիսյանը փաստաբանը դիմելու է ՄԻԵԴ

Խարդախութան համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը, սպառելով հայաստանյան դատական համակարգում արդարության հասնելու հնարավորությունները, պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արա Զաքարյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումները։ Դրանցով հաստատված է համարվում Ավետիսյանի մեղքը՝ խարդախությամբ քաղաքացուց 2.000 դոլար հափշտակելու և դրա դիմաց թոռանը բանակից ազատելու հարցում աջակցելու համար։

Դատարանը նաև հաստատված է համարել այն, որ Ավետիսյանը մեկ այլ դեպքով քաղաքացուց փորձել է 500 դոլար վերցնել՝ զինծառայողին այլ զորամաս տեղափոխելու համար։ Մինչդեռ Ավետիսյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Արա Զաքարյանը շարունակում են պնդել, որ նա ճաղերի հետևում է հայտնվել իշխանությունների դեմ կազմակերպած ցույցերի համար։

«Բացահայտ սա քաղաքական պատվեր է, Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է: Քանի որ նա ազատամարտիկների իրավունքների պաշտպանության համար բարձրացրել էր բավականին կարևոր խնդիրներ, հարցեր, և այդ հարցերի լուծումը որպես այդպիսին քաղաքական նշանակություն կարող էր ունենալ: Եվ իշխանությունն էլ Վոլոդյա Ավետիսյանին այդ ճանապարհից հետ պահելու համար, նրա նկատմամբ սկսեց քրեական հետապնդում իրականացնել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը:​

Զաքարյանի համար Վճռաբեկ դատարանի որոշումից հետո ակնհայտ դարձավ, որ Ավետիսյանը ճաղերի հետևում է հայտնվել քաղաքական հայացքների համար, երբ մոտ երկու տարի առաջ մարտական ընկերների հետ դուրս ելավ փողոց՝ պաշտպանելու ղարաբաղյան պատերազմի մասնակիցների սոցիալական իրավունքները։ Նրա սոցիալական պայքարը հետագայում վերաճեց քաղաքականի։

Ավետիսյանի պաշտպանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել անցած տարվա հոկտեմբերին։ Դատարանը հունվարի 30-ին նիստ է հրավիրել ու մերժել բողոքը: Այդ մասին, սակայն, պաշտպանին երկօրյա ժամկետի փոխարեն տեղյակ է պահել գրեթե երկու շաբաթ անց՝ փետրվարի 17-ին։ Զաքարյանը տեղի ունեցածը համարում է օրենքի խախտում՝ պնդելով, որ սա վճռաբեկի ձեռագիրն է․ - «Մենք՝ փաստաբաններս, բազմիցս ենք ասել, որ Վճռաբեկ դատարանը որպես այդպիսին մի մարմին է, որը որ անում է այն, ինչը որ ինքն է ուզում, այլ ոչ շատ դեպքերում բխում է օրենքից: Դատական համակարգում տիրող կամայականությունը առաջին հերթին հենց Վճռաբեկ դատարանից է գալիս»:

Պաշտպանը բազմիցս է նշել, որ դատարանը ամենախիստ պատժաչափը սահանեց հատուկ, որպեսզի Ավետիսյանը համաներմամբ ազատ չարձակվի։ «Նրան մեկուսացնելու քաղաքական որոշում կար», - ասաց Զաքարյանը։

Նա պնդում է նաև, որ նախաքննության ու դատաքննության ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ: Օրինակ, դատարանի որոշմամբ 6 տարվա ազատազրկումից բացի, Ավետիսյանին պարտավորեցրել է նաև 2.000 դոլար վճարել պետբյուջե՝ որպես վնասի փոխհատուցում։ Սա այն գումարն է, որը, ըստ դատավճռի, Ավետիսյանը հափշտակել է քաղաքացուց՝ բանակից ազատելու հարցում աջակցելու դիմաց։ Զաքարյանը նշում է, որ խարդախության մեղադրանքով նման պատիժ նախատեսված չէ, հետևաբար դատարանը իրավունք չուներ նման որոշում կայացնել։

Ավետիսյանը կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը մոլորված է՝ ինչպե՞ս են վճարելու այդ գումարը։ Ամուսինը միայն մեկ գույք ունի՝ հողամասի համասեփականատեր է:

«Գումար չունեմ: Վոլոդյան թող նստի իր 5 տարին ա, թե ինչ ա, դուրս կգա, նոր գումարը կմուծի: Ես հնարավորություն չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարիտա Բաղրամյանը՝ հավելելով․ - «Հողամասի մեջ մտնում ենք ես ու իմ երեխաները, մի չնչին բաժնեմաս է հասնում․․․ Հողը հիմա գին էլ չունի, որ վաճառեմ, իր գումարը տամ: Բայց ինչի՞ համար․․․ Էդ իմ երեխեքի հողն ա»:

Ավետիսյանի ընկերները հայտարարում են, թե այլևս իմաստ չկա բողոքի ակցիաներ անցկացնել։ «Միակ հույսը իշխանափոխությունն է», - ասում է Գագիկ Սարուխանյանը, ով Ավետիսյանի ու մի շարք ազատամարտիկների հետ միացել է Հիմնադիր խորհրդարանին։

«Նշանակում է, որ Հայաստանում չկա դատական անկախ իշխանություն: Դրա մասին շուտվանից գիտեինք: Ուղղակի այսօրվա ռեժիմը ստիպված է պարզապես իրա դեմքը ցույց տալու: Եթե դրանից առաջ քողարկում ենք, դրանից առաջ կարողանում էին յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի ժամանակ ասեին՝ դե, թերություն է, տենց երկիր չկա, որ թերություն չունենա․․․ Էս անգամ արդեն ճղվում է ամեն տեղ, սպիտակ թելերով կարված այդ պարկը ռեժիմի ճղվում է»:

XS
SM
MD
LG