Մատչելիության հղումներ

Սաֆարյան. Եթե Ծառուկյանը մի քայլ առաջ աներ, կկորցներ շատ ավելին, քան այժմ կորցնում է


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 18-ը փետրվարի, 2015թ.
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 18-ը փետրվարի, 2015թ.

Վերլուծաբանի կարծիքով՝ ԲՀԿ-ի առաջնորդը գուցե նաև հարկադրված լինի քաղաքականությունից դուրս գալ։

Երկու կողմերը հայտարարել էին մյուսին կապիտուլացիայի ենթարկելու իրենց վճռականության մասին, և Սերժ Սարգսյանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի թույլ չտար փետրվարի 20-ին տեղի ունենար միացյալ հանրահավաք, որի իրական նպատակը Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան»-ին (ԲՀԿ) պաշտպանության տակ առնելն էր: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների՝ Գագիկ Ծառուկյան - Սերժ Սարգսյան «առճակատման» մասին:

«Երկու կողմի համար էլ չափազանց կարևոր էր կանխել մյուս կողմի գործողությունները, բայց, ինչպես Հայաստանում է ընդունված, քանի որ ընդդիմությունը շատ հաճախ մտնում է իշխանության դաշտ և փորձում է այդ դաշտում խաղալ այդ դաշտի կանոններով, երբ այդ խաղի կանոնները սահմանողը և գործիքների մեծամասնությունը պատկանում է իշխանությանը՝ այդ թվում և բռնության լեգիտիմ իրավունքը, հետևաբար՝ մենք տեսանք, որ այս երկու օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ արեցին՝ ցույց տալու համար, թե ինչ կմնա «Բարգավաճ»-ից, եթե նա լիարժեք անցում կատարի արմատական դաշտ», - նշեց Սաֆարյանը։

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղաքական խորհուրդը չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը՝ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը և զերծ մնալով հնարավոր պրովոկացիաներից և բախումներից»։ «Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար», - հայտարարեց ԲՀԿ-ի քաղխորհուրդը։

Ըստ Սաֆարյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի երեկվա հայտարարությունը ամենահավանական տարբերակն էր։ Նրա խոսքով՝ եթե Գագիկ Ծառուկյանը մի քայլ առաջ աներ, բնականաբար՝ կկորցներ շատ ավելին, քան այժմ է կորցնում։

«Թեպետ այժմ էլ, ըստ էության, ինքը չափազանց մեծ բան է կորցնում՝ և՛ հեղինակություն, և՛ միգուցե նաև քաղաքականությունից հարկադրված լինի դուրս գալ», - ասաց վերլուծաբանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը միշտ ավելի շատ ճկունություն ու զգուշավորություն է ցուցաբերել, քան այն համարձակությունը, որը նկատելի էր վերջին շրջանում։

«Նկատի ունենանք նաև, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին պատասխանելիս, ըստ էության, բացահայտեց ինչ-որ մանրամասներ, իր հերթին, որ իրենք քննարկել են իշխանությունը փոխանցելու տարբերակը և ինքը մերժել է։ Այս ամեն ինչը պատահական չէր, որ այսպես ավարտվեց, որովհետև այս ամենը ոչ այնքան այսօրվա իրավիճակի մասին էր, այլ իշխանափոխանցում անելու մասին էր», - ասաց Սաֆարյանը՝ մանրամասնելով․ - «Գագիկ Ծառուկյանի բարձրաձայնումները նրա մասին էին, որ, ըստ էության, իրենք Սերժ Սարգսյանի հետ քննարկել են 2018 թվականից հետոյի իրավիճակը, ոչ թե այսօրվա իրավիճակը, և ինքը մերժել է, որ, ըստ էության, այդ ժամանակ Հանրապետականը լինի առաջին քաղաքական ուժ և Սերժ Սարգսյանը փոխված դերակատարմամբ հավերժացնի իր իշխանությունը, ինչպես Գագիկ Ծառուկյանն է անվանում»։

XS
SM
MD
LG