Մատչելիության հղումներ

Դատարանը դեռ թույլ չի տալիս Հայկ Կյուրեղյանին մասնակցել իր դատերին


Դատարանը դեռ թույլ չի տալիս Հայկ Կյուրեղյանին մասնակցել իր դատերին
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր կայացավ առանց նրա ներկայության։ Կյուրեղյանը, փաստորեն, հնարավորություն չունեցավ լսելու տուժող ճանաչված ոստիկանների ցուցմունքներն ու հակադարձելու դրանց։ Ոստիկանները որևէ կերպ չանդրադարձան ամբաստանյալի այն պնդմանը, որ ոստիկանական մեքենայում վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ոստիկանները հայտարարեցին, թե չնայած Կյուրեղյանի կողմից իրենց պատճառված վնասվածքներին, «պարտք ու պահանջ» չունեն նրանից՝ միակ խնդրանքը դատարանից է, որպեսզի վերջինս օրենքի ամբողջ խստությամբ ստանա իր պատիժը:

Կյուրեղյանը նիստից բացակայում էր, քանի որ դատավորը նրան 10 ժամով զրկել է մասնակցության իրավունքից՝ նախորդ նիստերին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմնավորմամբ։ Մինչդեռ, հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանն այսօր հայտարարեց, որ 10 ժամն արդեն լրացել է՝ դատարանին մեղադրելով ամբաստանյալի իրավունքները ոտնահարելու մեջ և ասաց, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց Կյուրեղյանի ներկայության և մասնակցության:

Դատավորը, սակայն, անդրդվելի էր: Նա վկայակոչեց օրենքն ու հայտարարեց, թե 10 ժամ սահմանումն այս դեպքում վերաբերում է նիստերի ժամանակահատվածին, այլ ոչ թե օրվա ժամերին։

Ցուցմունք տված 4 ոստիկաններն այսօր նաև հայտարարեցին, թե դեպքի օրը փորձել են կանխել Հայկի արարքի հնարավոր վտանգավոր հետևանքները՝ փրկել հասարակական վայրում գտնվողներին նրա հարձակումներից։

Շանթ Հարությունյանի և ընկերների դատական առաջին նիստի օրը դատարանի շենքի բակում մասնագիտությամբ ծրագրավորող 31-ամյա Հայկ Կյուրեղյանը, իր բնորոշմամբ՝ Շանթի դեմ իրականացվող, հաշվեհարդարի համար, ի նշան բողոքի, բարձրացել էր դատարանի շենքի մոտ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, թե մեքենայի մեջ պայթուցիկ սարք կա։ Ավելի ուշ նաև իր մոտ եղած ոչ մարտական զենքով կրակել էր ոստիկանների ուղղությամբ։

«Ազատության» տեսախցիկն այդ օրը նկարահանել է կատարվածը։ Միջադեպը տևել է մի քանի րոպե։ Ոչ մարտական ատրճանակից մի քանի կրակոցներ արձակելուց հետո իրավապահները ձերբակալել են Հայկ Կյուրեղյանին։

Տուժող ճանաչված ոստիկաններից Միքայել Այվազյանն այսօր վերհիշեց կատարվածն ու նշեց՝ Հայկի կրակոցներից վնասվել էր ականջը։

«Մեքենայի կրիշի վրա էր կանգնած, դիմապակուն ոտը սոթ տվեց և ընկավ դիմացը: Անմիջապես մոտեցել ենք նրան և օգտագործելով հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, էդ ընթացքում ինքը հայհոյանքներ էր ասում», - պատմեց Այվազյանը:

Ոստիկան Արայիկ Աբելյանն էլ հավելեց, թե կրակոցից վնասվել էր ճակատը։ Պնդեց, որ ոստիկանական մեքենայում Հայկը հայհոյել է իրենց։ Աբելյանը, սակայն, ոչինչ չասաց այն կասկածների մասին, որ մեքենայում ոստիկանները բռնություն են գործադրել Հայկի նկատմամբ։

Երիտասարդի մարմնի վրա ծեծի ու խոշտանգման հետքեր, կապտուկներ էին արձանագրել նաև օմբուդսմենի ներկայացուցիչներն ու դիտորդական խումբը։ Մինչդեռ Կյուրեղյանի բողոքն արդյունք չունեցավ՝ որևէ ոստիկան այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։

«Երբ որ իրեն վերցրեցինք, ինքը նոր սկսել է հայհոյել: Հայհոյել է նաևմեքենայի մեջ, որով իրեն տեղափոխել ենք կենտրոնի բաժին», - ասաց ոստիկանը:

Ոստիկան Աբելյանն իր ցուցմունքում չմոռացավ կարևորել իրենց արած գործը․ - «Ես էսքան ժամանակ չեմ տեսել մի քաղաքացի, երբ որ ոստիկանները ծառայություն են տանում, տեսնի տարեց մարդ ու փողոցը անցկացնի: Դա արվում էմ միայն էս պահին ոստիկանների կողմից ու ոստիկանների վրա կրակողը՝ աննպատակ, էսօր դատական նիստի ժամանակ կարող է կոչվել հերոս»:

Ուշագրավ հայտարարություն արեց տուժողներից Քրիստինա Սարդարյանը՝ հենց նրա ավտոմեքենայի վրա էր բարձրացել Հայկ Կյուրեղյանը։ Փորձագետի գնահատմամբ, ավտոմեքենային պատճառվել է շուրջ 300 հազար դրամի վնաս։ Մինչդեռ «Ազատության» տեսանյությում նշված ավտոմեքենայի վրա ակնհայտ վնասվածքներ չեն երևում։

«Ես նայեցի մեքենայիս, ու չճանաչեցի: Առջևի հատվածը ամբողջը ջարդված էր: Ես ապշեցի, ասացի՝ ինչ է կատարվել, էդ եզրակացությունը կազմող փորձագետը ինձ բացատրեց, որ երբ որ տանիքին է էդ մասշտաբի վնաս պատճառվում, նշանակում է մեքենան իր արժեքից զրկվում է, իր շուկայական արժեքը զրոյանում է», - ասաց Քրիստինա Սարդարյանը:

Հաջորդ դատական նիստը փետրվրաի 27-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG