Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հնչում են Ուկրաինային զինելու կոչեր


Այս օրերին, երբ Ուկրաինայի արևելյան շրջաններում իրադրությունն ավելի է լարվում, Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնները սկսել են ավելի հաճախակի հանդես գալ Ուկրաինային մարտական զենքեր տրամադրելու հարցով փորձագիտական աշխատություններով։

ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորում են փոխել Ուկրաինային միայն ոչ մարտական օժանդակություն ցուցաբերելու քաղաքականությունը և արդեն սկսել մարտական զենքեր տրամադրել Կիևին։

Նման կոչերով են սկսել հանդես գալ նաև Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնները։

Նախկին պաշտոնյաների ու հայտնի վերլուծաբանների կողմից կազմված վերջին զեկույցում ասված է, թե «Ուկրաինայի զինումը կարող է դառնալ այս ճգնաժամին խաղաղ լուծում տալու բանալի»։

Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում անցկացված քննարկումներին մասնակցող վերլուծաբաններն ու պաշտոնատար անձինք նշեցին, թե անցած մեկ տարին ցույց տվեց, որ Արևմուտքի զսպվածությունը չխրախուսեց Մոսկվային հանդես գալ պատասխան զուսպ քաղաքականությամբ։

Զեկույցը Միացյալ Նահանգների կառավարությանն առաջարկում է 1 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ «հնարավորին չափ արագ», և նույնքան ռազմական հատկացումներ 2016 թվականին։

Զենքերի նման մատակարարումը դեմ չէ ուկրաինական ճգնաժամի խաղաղ, քաղաքական կարգավորման նպատակներին, ասում են վերլուծաբաններն ու ավելացնում, որ այն էական է՝ խաղաղ լուծում գտնելու համար։

Վերլուծաբաններից ոմանք, սակայն, այն կարծիքին են, որ հարկավոր չէ «մեջքով շրջվել» դեպի Ռուսաստանը։ Նրանց խոսքերով, այդ պարագայում Պուտինը կարող է է՛լ ավելի համախմբել Ռուսաստանի ժողովրդին ընդդեմ Ամերիկայի և միջազգային բեմահարթակում այլ խնդիրներ ևս տանել դեպի փակուղի։ Այդ վերլուծաբանները նշում են, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի կարևորությունը։ «Կա վտանգ նաև, որ Ռուսաստանը կփորձի մասնատել Մոլդովան», - ասում են նրանք։

Վերլուծաբանների խոսքերով՝ ժողովրդի կեսը լիովին հավատացած է, թե Ուկրաինայի զինումը խնդրի լուծման միակ եղանակն է, մյուս կեսն ասում է, թե զինումը կարո՛ղ է խնդիրը լուծել։ Սակայն որևէ վերլուծաբան չի կարող լիովին վստահ լինել, որ Ուկրաինայի զինումն իրոք կարդարացնի իրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG