Մատչելիության հղումներ

Ռազմական ինստիտուտում սպանության գործով 4 զինվոր է ձերբակալվել


Ռազմական ինստիտուտում սպանության գործով 4 զինվոր է ձերբակալվել
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, չորսն էլ սպանվածի համածառայակիցներն են։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում երեկ տեղի ունեցած սպանության գործով 4 զինվոր է ձերբակալվել, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվում են նրա ծառայակիցները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության հատկանիշներով։

«Ձերբակալվել են չորս անձ, ովքեր սպանվածի համածառայակիցներն են և չորսն էլ կասկածվում են սպանության մեջ», - փոխանցում է Տռուզյանը։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում զինծառայողներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում վարկածների մասին, չի հաղորդվում նաև՝արդյո՞ք սպանությունից առաջ զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ըստ Տռուզյանի, դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր երեկ լուսաբացին զորամասի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված։

Իրավապաշտպանները մտահոգիչ են համարում հատկապես այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել ապագա սպաներ պատրաստող ռազմական կառույցում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, այս դաժան սպանությունը մեկ անգամ ևս վկայում է Զինված ուժերում գոյություն ունեցող բարքերի մասին։

«Ուղղակի դաժան սպանության մասին է խոսքը։ Մեր ապագա սպաների պատրաստման գործում բավական լուրջ խնդիրներ կան հենց ռազմական ինստիտուտից սկսած, որովհետև մենք դրա մասին իհարկե իմանում ենք նաև զինվորական ծառայության ընթացքում մահացության դեպքերի, ոչ կանոնակարգման հարաբերությունների խախտման փաստերի հիման վրա, որովհետև դրանցում անմիջականորեն պատասխանատվություն ունեն հենց սպաները», - ասում է Սաքունցը։

Իրավապաշտպանն այս գործում մեղադրում է ոչ միայն անմիջական հանցագործություն կատարողներին, այլև նրանց վերադասին, ովքեր, փաստորեն, ըստ Սաքունցի, դաս չեն քաղել ոչ վաղ անցյալում՝ մոտ երկու տարի առաջ նույն ինստիտուտում տեղի ունեցած սպանությունից, երբ ինստիտուտի կուրսանտ ծառայակիցը զինվոր Սիփան Մովսիսյանի վրա կրակ էր բացել։ Դեպքից հետո Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչը, սակայն, ղեկավարությունը չէր ընդունել։

«Բայց, եթե նման դեպք է կրկնվում՝ առանձնապես դաժան սպանության ձևով, դա վկայում է այն մասին, որ իրապես հետևություններ պատշաճ ձևով չեն արվել։ Սա մեկ, երկրորդը՝ որ եթե նույնիսկ ինչ-որ քայլեր են կատարվել, դրանք էական ազդեցություն և իրական ազդեցություն չեն ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասում է Սաքունցը։

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանն, ուսումնասիրելով խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահվան դեպքերը, եզրակացնում է՝ հիմնականում բացի շարքային զինվորներից, ղեկավար կազմից պատժվողներ չկան, առավելագույնը նրանք ենթարկվում են տույժերի, կամ տեղափոխության։ Նրա խոսքով, բազմաթիվ են նաև օրինակները, երբ մահվան դեպքերը որակվում են որպես ինքնասպանություն։

«Կարելի է ասել, որ դեպքը բացառիկ է, որ մարդուն գտել են կախված վիճակում, այն էլ բանակում, ու սպանության հոդվածով են քրեական գործ հարուցել։ Ըստ երևույթին, պետք է ենթադրել, որ բավական լուրջ են եղել տղայի վրա վնասվածները, որպեսզի կարողանային ձևացնել, թե սա ինքնասպանություն էր։ Արդեն տեղեկություններ կան մամուլում, որ տղայի ձեռքի ափերը սուր կտրող գործիքով կտրատված են եղել», - ասում է Նազարյանը՝ հավելելով. - «Ե՞րբ պետք է պետությունը պատասխանատվություն զգա այն ընտանիքների առաջ, ումից որդի է ստանում, ոչ թե միայն քննադատի, թե ձեր դաստիարակած որդիներն են բանակի անունը գցում»։

«Ես չեմ շտապի դա վերագրել կոնկրետ հրամանատարին, բայց պետք է հաշվի առնել մի շարք կարևոր հանգամանք. այս բոլորը վկայում է այն մասին, որ Պաշտպանության նախարարությունում, Զինված ուժերում չի գտնվում քաղաքական կամք՝ կատարելու արմատական բարեփոխումներ, ավելացնելու քաղաքացիական կյանքի էլեմենտները, որոնք հնարավորինս նվազագույնի կհասցնեն այդպիսի դեպքերի հավանականությունը», - ասաց ակտիվիստը։

Նազարյանն ու Սաքունցը պնդում են, որ առաջին հերթին պետք է պատժել ու բանակը մաքրել անօրինականություններ գործող, դրանց վրա աչք փակող սպայական կազմից՝ նոր հանցագործությունները կանխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG